Страницы

пятница, 16 декабря 2011 г.

‎"ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ" ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ Հայաստանում կրոնական հարցերում տիրող համատարած անիրազեկության պատճառով լրագրողների եւ հրապարակային գործիչների մի հատված երբեմն «աղանդ» տերմինն է օգտագործում Ավետարանական ընտանիքին պատկանող եկեղեցիների, այդ թվում` Հայաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցու առնչությամբ: Ցավալի է, որ հայ հասարակության օրինահարգ քաղաքացիները, ազգի հոգսով եւ ցավով ապրող մեր հայրենակիցները կարող են «աղանդավոր» կամ այլ անվայել պիտակումների «արժանանալ» միմիայն իրենց դավանանքի պատճառով: Տարակուսանք է առաջացնում նաեւ այն հանգամանքը, որ ոմանք միտումնավոր կերպով էլ ավելի են թեժացնում իրավիճակը` «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մասին ստահոդ եւ շինծու տեղեկություններ տարածելով: Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ ուս-ուսի մարտնչում էին առաքելական, կաթողիկե եւ ավետարանական հայը, եւ երբեք ոչ մեկի մտքով չէր էլ անցնի ինչ-որ կերպ նրանց տարբերակել: Սակայն այսօր, չգիտես ինչու, ոմանց կողմից փորձ է արվում բաժանության սեպ խրել մեր ժողովրդի տարբեր եկեղեցական պատկանելություն ունեցող հատվածների միջեւ: Այս առումով Սփյուռքի մեր գաղթօջախներում առաքելական, կաթողիկե եւ ավետարանական հայության խաղաղ եւ համերաշխ համակեցությունը կարող է հրաշալի օրինակ ծառայել մեզ` հայաստանցիներիս համար: Բոլոր նրանց, ովքեր փորձում են մեր ինքնությունն աղավաղված կերպով ներկայացնել հասարակությանը, ցանկանում ենք հայտնել, որ մենք ՀՀ լիիրավ քաղաքացիներ ենք, մենք հայ ենք եւ մենք քրիստոնյա ենք: Մեզ համար առնվազն տարօրինակ է, երբ ինչ-որ մեկն իրեն իրավունք է վերապահում մեր փոխարեն որոշելու մեր ինքնությունը կամ էլ ՀՀ քաղաքացիներին «դասակարգելու» ըստ նրանց դավանանքային հատկանիշի: Միթե կարող են այդ անձինք պարզ ճակատով նայել մեր ազգին եւ հայրենիքին նշանակալի ծառայություններ մատուցած կամ իրենց ամենօրյա բարեխիղճ աշխատանքով մեր երկրի զորացման գործում ավանդ ունեցած ավետարանական հայերի աչքերին եւ ասել, որ նրանք աղանդավոր են միայն այն պատճառով, որ առաքելական չեն: Մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ միջնադարյան կրոնական մոլեռանդությանը բնորոշ դրսեւորումներն անհարիր են ժամանակակից հասարակությանը: Տեղեկացնենք, որ Հայաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների «Կյանքի Խոսք» եկեղեցին մաս է կազմում Հայ Ավետարանական ընտանիքի եկեղեցիների համագործակցության, որը միավորում է բազմահազար մեր համաքաղաքացիների: Ավետարանական եկեղեցիներին ոչ մի կերպ չի կարելի «աղանդ» կոչել, քանի որ վերջիններս, որպես քրիստոնեության բողոքական ուղղության եկեղեցիներ, ճանաչված են Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու բաղկացուցիչ մաս եւ իրենց ավելի քան 700 մլն հետեւորդների թվով երկրորդն են Կաթողիկե եկեղեցուց հետո: Մենք ընդունում ենք Նիկիական հավատո հանգանակը, Քրիստոսի Աստվածությունը, փրկագործությունը, Սուրբ Երրորդությունը, Աստվածաշնչի բացարձակ հեղինակությունը եւ համաքրիստոնեական նշանակության մյուս վարդապետական հիմնադրույթները: Մենք հարգալից ենք վերաբերվում Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցուն` ճանաչելով նրա ավանդը հայ ժողովրդի կյանքում: Մենք հանդես ենք գալիս միջհարանվանական երկխոսության խթանման դիրքերից: Որպես միջեկեղեցական հարաբերությունների զարգացման լավագույն մոդել ենք համարում Հայրապետ Ներսես Շնորհալու կողմից Օգոստինոս Երանելու բանաձեւի վերաձեւակերպումը. «Կարեւորում միաբանություն, երկրորդականում` ազատություն, ամեն ինչում` սեր»: Այսօր էլ շարունակում է հրապարակում մնալ մեր առաջարկը, այն է` ձեւավորել Եկեղեցիների ազգային խորհուրդ` Նիկիական հավատքի դավանանքն ընդունող ուղղադավան եկեղեցիների մասնակցությամբ: Մեր համոզմամբ` այս կառույցը կընձեռեր միջեկեղեցական երկխոսության եւ հասարակական ներդաշնակության զարգացման եզակի հնարավորություն: Մեզ չճանաչողներին կամ մեր մասին թյուր տեղեկատվություն ունեցողներին ցանկանում ենք հայտնել, որ ավելի քան 20 տարիների ընթացքում «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին իր հետեւորդների շրջանում ջատագովել է դասական ընտանիքի մոդելն ու ընտանեկան արժեքները, խրախուսել է օրինապահությունը, հայրենիքի հանդեպ քաղաքացիական պարտքը կատարելը, այդ թվում` զինվորական ծառայությունը Հայկական բանակում: Բացի այդ, մենք իրականացրել ենք բազմաթիվ բարեգործական ծրագրեր, օգնության ձեռք մեկնել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների, խնամակալության տակ վերցրել հարյուրավոր անխնամ մնացած երեխաների, աջակցել միայնակ մայրերի, ծերերի, հաշմանդամների, սուր կարիքավորների` չպայմանավորելով դա կրոնական քարոզչությամբ: Եվ այս ամենը եկեղեցին իրականացրել է իր անդամների նվիրատվությունների շնորհիվ: Մենք ձգտում ենք քրիստոնեական եկեղեցիների հետ եղբայրական սիրով հաղորդակցությանը և հավատքի միասնականությանը ավետարանական հիմնարար սկզբունքների շուրջ` պահպանելով եկեղեցական առանձնահատկությունները: Համոզված ենք, որ ուղղադավան եկեղեցիների համատեղ ջանքերն ազգանպաստ ծառայությունների մեջ մեծապես կօժանդակեն հայ ժողովրդի հոգևոր և նյութական զարգացմանն ու համերաշխությանը:

Комментариев нет:

Отправить комментарий