Այն հարցին, թե արդյոք ընդունելի է ամուսնալուծությունը, քվեարկողների 55 տոկոսը պատասխանել է «ո՛չ», 36 տոկոսը` «այո՛՝ ամուսնական անհավատարմության դեպքում», 9 տոկոսն արտահայտվել է «այո՛՝ անհամատեղելիության պարագայում»:
Ես կարող եմ համաձայնվել և՛ նրանց հետ, ովքեր գտնում են, որ բոլոր դեպքերում ապահարզանն ընդունելի չէ, և՛ նրանց հետ, ովքեր կարծում են, որ դա ընդունելի է միայն ամուսիններից որևէ մեկի անհավատարմության պարագայում: Սակայն ոչ մի կերպ չեմ կարող համաձայնվել նրանց հետ, ովքեր կարծում են, որ անհամատեղելիությունը բավարար պատճառ է ամուսնալուծվելու համար:
Այս հարցում շատ կարևոր է իմանալ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը, քանի որ Սուրբ Գիրքը լիարժեք պատասխան է տալիս բաժանության հարցին: Նախ` Աստծո Խոսքն ասում է, որ ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի. «Որովհետև այլևս երկու չեն, այլ մեկ մարմին. արդ այն որ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի» (Մաթևոս 19.6): Ամուսնանալիս ամուսինները ուխտ են կապում, որ իրենք միմյանց կողքին կլինեն դժբախտության և ուրախության, նեղության և առատության, և առհասարակ համատեղ կյանքի թե՛ դժվար, և թե՛ երջանիկ պահերին` մինչև որ մահը կբաժանի իրենց: Աստծո մոտեցումը մենք հստակ կարդում ենք Մաղաքիա 2.15-ում. «Ես ատում եմ ապահարզանը, ասում է Իսրայելի Տեր Աստվածը»: Այս խոսքը հիմք ընդունելով` ես լիովին համակարծիք եմ հարցման մասնակիցների կեսից ավելիի հետ, ովքեր ամուսնալուծությունը սկզբունքորեն համարում են անընդունելի:
Շարունակելով քննել Սուրբ Գիրքը` մենք կարող ենք տեսնել, որ թեև Տերն ընդհանրապես ատում է ապահարզանը, սակայն սահմանում է երկու դեպք, երբ քրիստոնյան կարող է դիմել բաժանության: Առաջինը ամուսիններից որևէ մեկի շնությունն է, այլ խոսքերով` ամուսնական անհավատարմությունը: Ըստ Աստվածաշնչի` շնությունը բավարար հիմք է ապահարզանի համար, սակայն այստեղ ցանկանում եմ մի կարևոր վերապահում անել. երբ ասում ենք, որ Աստծո Խոսքը թույլ է տալիս անհավատարմության դեպքում բաժանվել, դա չի նշանակում, որ Աստված պարտադրում է: Օրինակ` եթե անհավատարիմ ամուսինը անկեղծորեն ապաշխարի և ներում խնդրի, իսկ դավաճանված ամուսինը որոշի ներել և ևս մեկ հնարավորություն տալ ուխտի ընկերոջը, ապա նրանք կարող են պահպանել իրենց ամուսնությունը և չբաժանվել:
Աստծո Խոսքի համաձայն` երկրորդ դեպքը, որ կարող է բաժանության համար հիմք լինել, անհավատ ամուսնու կողմից ներկայացվող ապահարզանի պահանջն է (Ա Կոր. 7.12-15): Այստեղ նույնպես շատ կարևոր է ուշադրություն դարձնել, որ Աստված ոչ թե բաժանվելու իրավունք է տալիս քրիստոնյային, եթե նրա ամուսինն անհավատ է, այլ եթե քրիստոնյայի անհավատ ամուսինն է ամուսնալուծվելու պահանջ դնում: Սրանք երկու տարբեր բաներ են և պետք չէ շփոթել: Ինչո՞ւ եմ սա ասում. որովհետև իմ պրակտիկայում հանդիպել եմ դեպքերի, երբ քրիստոնյաները, ճիշտ չհասկանալով այս խոսքը, իրենք են ցանկություն հայտնել ամուսնալուծվել անհավատ ամուսիններից:
Ինչ վերաբերում է ամուսինների անհամատեղելիությանը և դրա պատճառով ամուսնալուծվելուն, ապա, իմ կարծիքով, դա անլուրջ է և երեխայության նշան է: Մտածում եմ` իրար չհասկանալը, անհամատեղելի լինելը որպես բաժանության պատճառ ներկայացնելը կա՛մ ուղղակի ինքնարդարացում է, բաժանվելու իրական պատճառների քողարկում, կա՛մ էլ փոխվելու, միմյանց բնավորությանը հարմարվելու, շտկվելու ցանկության բացակայության հետևանք: «Ընտանիք» թեմայով սեմինարների ժամանակ ես հաճախ ասում եմ, որ մինչ ամուսնությունը մարդիկ կիսաֆաբրիկատ են և ամուսնանալուց հետո, երբ սկսում են շփվել, տաշվել, հղկվել, դառնում են լիարժեք անհատականություն:
Ես կարծում եմ, որ մեր ժամանակներում մեծ հարձակում կա ընտանիքների վրա, և մենք կարող ենք տեսնել, թե ողջ աշխարհով մեկ որքան շատ են ամուսնալուծությունները, այդ թվում նաև, ցավոք սրտի, քրիստոնյաների շրջանում: Մեծ կարիք կա, որպեսզի քրիստոնյաներն ավելի լուրջ վերաբերվեն ամուսնությանը, հասկանան, որ իրենք ուխտ են կնքում, որի վկան Աստված է: Երբ խնդիրներ են առաջանում, բաժանությունը լուծում չէ. Տիրոջը սիրողների համար Աստված ամեն բան ի բարին է դարձնում: Դժվարին իրավիճակներում պարզապես ամուսինները պետք է հիշեն, որ իրենք ուխտ են կնքել, և որ սիրո, հավատարմության, ներման և փոխըմբռնման շնորհիվ կարող են հարթել իրենց անախորժությունները:
Փայփայե՛ք ձեր ընտանիքը, որովհետև այն պարգև է Աստծուց:
Արթուր Սիմոնյան
Комментариев нет:
Отправить комментарий