Страницы

четверг, 28 апреля 2011 г.

Ցեղասպանության բանաձեւի ընդունման գործում վճռորոշ դեր խաղացած շվեդ պատգամավորը հյուրընկալվեց “Կյանքի Խոսք”-ում 




Օրերս “Կյանքի Խոսք” եկեղեցում հյուրընկալվել էր Շվեդիայի խորհրդարանի՝ Ռիկստագի, Շվեդիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի նախագահ, Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Անելի Էնոքսոնը: Նա մեր երկրում հայտնի է նրանով, որ կարեւոր դեր է խաղացել Ռիկստագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման գործում:

Տիկին Էնոքսոնի խոսքերով` Շվեդիայում այսօր մոտ ութ հազար հայ է ապրում, եւ նրան հետաքրքիր է եղել հայ ժողովրդի պատմությունը, ինչն ուսումնասիրելով` նրա ուշադրությունն է գրավել Ցեղասպանության փաստը, եւ որ այն դեռեւս պաշտոնապես չի ճանաչվել Թուրքիայի կողմից: Որպես քրիստոնյա` նա հասկանում էր, որ քանի դեռ Թուրքիան չի ընդունել Ցեղասպանության իրողությունը եւ հրապարակավ չի հայցել հայերի ներողամտությունը, վերջիններս չեն կարողանա թոթափել դառնության ծանր բեռն իրենց սրտերից: Նա որոշում է կայացնում աջակցել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը Շվեդիայի խորհրդարանի կողմից եւ սկսում է լուսաբանման աշխատանքներ վարել իր գործընկերների շրջանում` նրանց բացահայտելով 1915 թվականի դեպքերի իրական ընթացքը: Դա հիմք է հանդիսացել, որ այդ պատգամավորները նույնպես իրենց ձայները տան Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման օգտին:

- Ինձ հատկապես ցնցել էր այն փաստը, որ մի խումբ շվեդ, դանիացի եւ նորվեգացի միսիոներ կանայք, ովքեր իրենց նվիրել էին Աստծուն ծառայելուն, Եղեռնի ժամանակ փրկել են տասնյակ հազարավոր հայ երեխաների կյանքեր` նրանց տեղափոխելով այդ երեխաների համար հարակից երկրներում հիմնադրված մանկատներ, ինչի մասին փաստեր կան Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ այդ առիթով այս ամիս հատուկ ցուցադրում է կազմակերպվել,- ասաց տիկին Էնոքսոնը:

Հետաքրքրական է, որ նրա ձայնը վճռական դեր է խաղացել Հայոց ցեղասպանությունն ընդունելու գործում: Նա գործուղումից շտապել է վերադառնալ Շվեդիա հենց Հայոց ցեղասպանության հարցի քվեարկությանը մասնակցելու համար, և իր որոշիչ ձայնի շնորհիվ քվեների հարաբերակցությունը փոխվել է հօգուտ Ցեղասպանության ճանաչմանը: Տիկին Էնոքսոնը շատ ուրախ էր, որ ինքը կարողացել է իր մասնակցությունը ցուցաբերել Շվեդիայի խորհրդարանում Հայկական հարցի արծարծմանն ու Ցեղասպանության բանաձեւի քվեարկությանը:

Զատկի տոնակատարության ժամանակ մեր պատվարժան հյուրն իր ջերմ ողջույնները հղեց եկեղեցուն և բարձր գնահատեց այն առաքելությունը, որ եկեղեցին այսօր ստանձնել է մեր երկրում: Նա ասաց, որ չափազանց տպավորված է այն բազմազան ծրագրերով, որ “Կյանքի Խոսք”-ն իրականացնում է Հայաստանում:

Նրա խոսքերով` եվրոպական շատ պետություններում քրիստոնեական արժեքներն այսօր հետին պլան են մղվում, եւ այդ պատճառով բազմաթիվ երկրներ կանգնած են խոր ճշնաժամի եզրին եւ կարիք ունեն հոգեւոր վերածննդի: Տիկին Էնոքսոնը քաջալերական խոսք ուղղեց ներկաներին եւ նշեց եկեղեցու կողմից կատարվող աշխատանքների կարեւորությունը հասարակության ներկայի եւ ապագայի, գալիք սերունդների համար:

Комментариев нет:

Отправить комментарий