Այսօր ես այցելեցի Կապանի “Կյանքի Խոսք” եկեղեցի, որը տոնում է հիմնադրման 10-ամյակը: Շատ ուրախալի է գտնվել այստեղ, որտեղ հավաքվել է բազմամարդ հավատացյալ ժողովուրդ, այդ թվում` Հայաստանի տարբեր քաղաքներից: Հրաշալի է նաեւ տեսնել միաբանությունն ու ընկերությունը մեր հովիվների միջեւ, որոնք շատ եկեղեցիներից ժամանել են Ղափան` միասին նշելու տեղի եկեղեցու տարեդարձը:
Այս տասը տարիների ընթացքում Կապանի եկեղեցին մեծ առաջընթաց է վերապրել, եւ ես նկատում եմ, որ այն ունի մեծ ներուժ: Եկեղեցու հովիվը` Արթուր Քոչարյանը, եւ նրա կինը` Աննան, հրաշալի անձնավորություններ են եւ Աստծո տաղանդներով լցված մարդիկ: Բացի նրանից, որ Արթուրը հովվական ծառայության մեջ է, նա նաեւ օժտված է երաժշտական շնորհով եւ մեծ ցանկություն ունի իր ձայնով փառաբանել Աստծուն: Նա նույնիսկ թողարկել է ձայնասկավառակներ:
Չեմ կարող չնշել, թե որքան գնահատելի էր, երբ նա իր իսկ միջոցներով թողարկած վերջին ձայնասկավառակի վաճառքի ողջ հասույթը նվիրաբերեց Երեւանի եկեղեցու շենքի շինարարության գործին: Փառք Աստծուն այսպիսի մարդկանց համար, որ նրանք կարող են իրենց տաղանդները Աստծո գործի համար ծառայեցնել: Ես հավատացած եմ, որ Տերը կկառուցի նաեւ իրենց շենքը:
Տարիներ առաջ էր, որ Արթուրն ու Աննան թողեցին Երեւանը, եկան Ղափան եւ նվիրվեցին Տիրոջ գործին: Ժամանակին Արթուրը նույնիսկ իր զինվորական ծառայությունն է անցկացրել Կապանում: Եվ հիմա նրանց հետ խոսելիս մի բան ես զգում, որ Կապանը դարձել է նրանց հարազատ քաղաքը, իսկ կապանցիները նրանց սրտի մեջ են: Թող Աստված առատապես օրհնի նրանց եւ այն աշխատանքը, որ նվիրված կերպով իրականացնում են:
Комментариев нет:
Отправить комментарий