Միթե Աստված իրավունք չի անի Իր ընտրյալներին
Այսօր կրկին ցանկանում եմ խոսել աղոթքի մասին: Մենք կարող ենք այս շաբաթը կոչել աղոթքի շաբաթ եւ խոսել այն մասին, թե որքան կարեւոր է աղոթքը:“Եվ ասաց. Մի դատավոր կար մի քաղաքում, որ Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում: Եվ մի որբեւայրի էլ կար այդ քաղաքում, եւ նրա մոտ էր գալիս եւ ասում. Իրավունք արա ինձ իմ ոսոխից (Ղուկաս 18.2, 3):
Հիսուսը մի առակ պատմեց անիրավ դատավորի մասին, ով Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից էլ չէր ամաչում: Սա ամենավատ բնութագիրն է մարդու համար: Կան մարդիկ, ովքեր Աստծուն չեն հավատում, բայց մարդկանցից ամաչում են, եւ դա ստիպում է նրանց բարոյական կյանքով ապրել, որպեսզի ուրիշները հանկարծ վատ բան չմտածեն իրենց մասին: Կան մարդիկ, ովքեր, ընդհակառակը, մարդկանցից ամոթ չունեն, բայց գոնե աստվածավախություն ունեն, ուստի վախենում են չարություն անել: Բայց կան մարդիկ, ովքեր ոչ Աստծուց են վախենում, ոչ էլ մարդկանցից են ամաչում: Նրանց համար միեւնույն է, թե ուրիշները ինչ կմտածեն իրենց մասին, այդ պատճառով էլ ինչ ուզում` անում են:
Աստված ասում է, որ անիրավ դատավորը, ի վերջո, իրավունք արեց որբեւայրի կնոջը, ով շարունակ նրա մոտ էր գալիս եւ թախանձում, որ իրավունք անի իր ոսոխից: Նա իր մտքում ասում է. “Թեեւ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում, սակայն որովհետեւ այս որբեւայրին հոգնեցնում է ինձ, իրավունք անեմ նրան, որ վերջապես չգա ինձ ձանձրացնի (Ղուկ. 18.4, 5):
Եթե կարդանք այս առակի շարունակությունը, կտեսնենք, որ գրված է. “Լսեցեք, թե անիրավ դատավորն ինչ է ասում: Բայց Աստված միթե Իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դեպի Նա…” (Ղուկ. 18.6, 7):
Այստեղ երկու ծայրահեղություն ենք տեսնում` եթե ծայրահեղ վատ մարդը կարողացավ իրավունք անել, որքան ավելի ծայրահեղ բարի Աստված կարող է իրավունք անել մեզ, եթե ցերեկ ու գիշեր աղաղակենք Նրան:
Սիրելի’ս, խնդրի’ր եւ կստանաս, դուռը թակի’ր եւ կբացվի, մնա աղոթքի մեջ, եւ Աստված իրավունք կանի քեզ շուտով:
Աղոթքը մեր կյանքի շարժիչ ուժն է
Այս վերջին ժամանակներում Աստված ավելի շահագրգռված է, որպեսզի մենք լինենք աղոթքի մեջ, քան երբեւիցե: Մեր աղոթքը չպետք է դադարի. մենք պետք է սովորենք աղոթել եւ աղոթենք ոչ թե մեկ կամ երկու օր, այլ շարունակական աղոթքներ անենք:Այս կյանքում կան բաներ, որ միայն մեկ անգամ են լինում: Օրինակ` մենք ծնվում ենք միայն մեկ անգամ: Սակայն ուտելը, խմելը, քնելը շարունակական բնույթ ունեն: Դու չես կարող շաբաթը մեկ անգամ ուտել, որովհետեւ քո մարմինը սննդի կարիք է զգում: Այդպես էլ աղոթելն է: Եթե մեր աղոթքը լինի շարունակական, ես հավատացած եմ, որ Տիրոջ փառքը եւ զորությունը կլինեն մեզ վրա: Մենք կդառնանք Տիրոջ ընկերը եւ Նրա հետ կքայլենք ամենուր, կկատարենք Նրա գործերը եւ Նրա փառքը կբարձրացնենք այս աշխարհում:
Комментариев нет:
Отправить комментарий