Աստվածաշունչը յուրահատուկ տեղ ունի մնացած բոլոր գրքերի շարքում: Այն եզակի է, բացառիկ, մյուսներից տարբեր, նմանը և հավասարը չունեցող: Աստվածաշունչը միակ գիրքն է, որը`
1. Գրվել է 1500 տարվա ընթացքում:
2. Գրվել է հասարակության տարբեր խավերին պատկանող ` ավելի քան 40 հեղինակների կողմից` ներառյալ թագավորներ, զինվորական առաջնորդներ, գյուղացիներ, ձկնորսներ, հարկահավաքներ, բանաստեղծներ, երաժիշտներ, պետական գործիչներ, գիտնականներ և հովիվներ:
3. Գրվել է տարբեր վայրերում. անապատում` Մովսեսի կողմից, բանտում` Երեմիայի և Պողոսի կողմից, պալատում` Դանիելի կողմից, ճամփորդության ընթացքում` Ղուկասի կողմից, Պատմոս կղզում` աքսորված Հովհաննեսի կողմից:
4. Գրել են տարբեր ժամանակներում. Դավիթը` պատերազմի և զոհողության ժամանակ, Սողոմոնը` խաղաղության և բարգավաճման ժամանակ:
5. Գրվել է երեք աշխարհամասերում` Ասիայում, Աֆրիկայում, Եվրոպայում:
6. Գրվել է երեք լեզուներով` եբրայերենով, արամեերենով, հին հունարենով:
7. Աստվածաշունչը շոշափում է հարյուրավոր վիճելի հարցեր, որոնք իրարամերժ կարծիքներ են ծնում, երբ հիշվում կամ քննարկվում են: Աստվածաշնչյան գրողներն անդրադարձել են բազում հրատապ թեմաների (օրինակ` ամուսնություն, ապահարզան և վերամուսնություն, միասեռականություն, ամուսնական դավաճանություն, հնազանդություն իշխանություններին, ճշտախոսություն և ստախոսություն, բնավորության ձևավորում, դաստիարակություն, Աստծո բնություն և հայտնություն և այլն): Այդուհանդերձ, այս գրողներն անդրադառնում են դրանց զարմանալի ներդաշնակությամբ` սկսած Ծննդոցից մինչև Հայտնություն:
8. Չնայած բազմազանությանը` Աստվածաշունչը ներկայացնում է մի եզակի, միասնական պատմություն` մարդկանց փրկագնումն Աստծո կողմից: Նորման Գեյսլերը և Վիլյամ Նիքսը դա շարադրում են այսպես. «Ծննդոցի «դրախտի կորուստը» դառնում է Հայտնության «դրախտի վերագտնումը»: Եթե Ծննդոցում փակ է դեպի կյանքի ծառը տանող դարպասը, ապա այն հավիտյանս բաց է Հայտնության մեջ»: Մեղքից և դատապարտությունից փրկվելը կամուրջ է գցում` տանելով դեպի ամբողջապես վերափոխված կյանք և հավիտենական երանություն` միակ, ողորմած և սուրբ Աստծո ներկայությամբ:
9. Վերջապես ամենակարևորը` Աստվածաշնչում նկարագրված բոլոր մարդկանցից ամենաառաջատար կերպարը միակ, ճշմարիտ, կենդանի Աստված է` բացահայտված Հիսուս Քրիստոսի միջոցով:
Աղբյուր` Ջոշ ՄաքԴաուել, «Վճռական վկայություն», հատոր 1
Комментариев нет:
Отправить комментарий