Страницы

пятница, 27 июля 2012 г.

Պաշտպանվա՞ծ է արդյոք Հայաստանում խղճի և դավանանքի ազատությունը. իրավաբանի կարծիք

 
Մարդու իրավունքների, խղճի, դավանանքի և կրոնի ազատություն. crossnews.am-ի հարցերին է պատասխանում իրավաբան Արա Ղազարյանը:

- Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կրոնական հարցերի լուսաբանումը, բավարա՞ր է այն արդյոք:        
- Սկսենք նրանից, որ հիմնականում շատ քիչ են լուսաբանվում այդ թեմաները, իսկ լուսաբանվելու դեպքում դա կատարվում է ոչ ամբողջությամբ: Այսինքն` երկու կողմերի կարծիքները ամբողջությամբ չի ներկայացվում: Եվ դրանից ելնելով` կարող եմ ասել, որ, իհարկե, բավարար չէ: Հիմնականում լուսաբանվում է միակողմանի, և երբեմն կրոնական անհանդուրժողականության, նույնիսկ կրոնական ատելության լույսի ներքո: Հույս ունեմ, որ վերջին դատական գործերից հետո նման լուսաբանումներ չեն լինի:
Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում այդ ուղղությամբ է ընթանում և՛ կրոնական ուսուցումը, և՛ քարոզարշավը, որ ցանկացած այլ կրոնական փոքրամասնություն վատն է, իսկ լավը կարող է լինել միայն Հայ առաքելական եկեղեցին: Այդ կարծիքը առաջին հերթին գալիս է Էջմիածնից, և դա նրանք չեն թաքցնում: Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությունը ուսուցանվում է դոկտրինացման ուղղությամբ, իսկ կրոնի պատմության առարկան դպրոցում մատուցվում է երեխաներին` որպես Հայ առաքելական եկեղեցու պատմություն: Եվ սա համատարած բնույթ է կրում: Շատ ժամանակ հենց եկեղեցու սպասավորներն են եթերից ասում ատելություն սերմանող, նույնիսկ բռության խոսքեր:
- Իսկ ըստ Ձեզ` ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ նման երևույթը վերացնելու համար:
- Փոփոխությունները պետք է օրենսդրության մեջ լինեն, բայց հիմնականում մտածողության փոփոխություն պետք է լինի, այսինքն քարոզարշավը պետք է այլ կերպ տարվի, և կառավարությունը պետք է զսպի եկեղեցուն: Հաշվի առնելով Սահմանադրությունը, ըստ որի՝ պետությունն ու եկեղեցին անջատ են իրարից, ՀԱԵ-ն գործուն միջամտություն չպետք է ունենա, ինչպես, օրինակ՝ հանրակրթական ոլորտում:
- Դուք սեմինարի ժամանակ խոսեցիք կրոնական դեֆամացիայի (ծաղր, վարկաբեկում) մասին, որը բավականին նոր երևույթ է: Որո՞նք են հիմնականում դրա արտահայտման ձևերը, և ինչպիսի՞ պատժամիջոցներ են սահմանված դրա համար:
- Եվ խոսքի և ծաղրանկարների միջոցով է դա իրականացվում, նույնիսկ  տեսանյութերի միջոցով: Իսկ հիմնական դրսևորումը ստացել է 2 կամ  3 դատական գործերով, որտեղ լրատվամիջոցների կողմից տրվում է միակողմանի ինֆորմացիա և ատելություն սերմանող խոսք: Օրինակ` հայտնի դեպքը Եհովայի վկայի վերաբերյալ: Տեղի է ունենում սպանություն, ապա ներկայացվում է, որ Եհովայի վկան սպանել է ծնողներին, և լրատվամիջոցը, առանց ստուգելու այդ տեղեկությունը, ուղղակի ասում է, որ այդ անձը «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունից է, այն դեպքում, երբ պարզից էլ պարզ է, որ այդ անձը որևէ կապ չունի կազմակերպության հետ: Եվ այնուհետև` երբ դա հաստատվում է, Հանրային հեռուստատեսության մտքով էլ չի անցնում ներողություն խնդրել, մինչև այնքան, որ դատական գործընթաց է սկսում, խնդիրը հանրայնացվում է, միջազգային կառույցներն են իմանում այդ մասին, և երբ հարցը մասամբ մտնում է քաղաքական դաշտ` լավագույնը, որ անում են լրատվամիջոցները, հաշտության գնալն է:
Իսկ ինչ վերաբերում է պատժամիջոցին, ապա ամենախիստը քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվության ենթարկելն է` կրոնական ատելություն տարածելու համար: Մենք ունենք կանոնակարգերը, բայց, որպես կանոն, քրեական գործեր չեն հարուցվում: Դա է պատճառը, որ նույնիսկ իրեն մտավորական համարող անձը կարող է լրատվամիջոցով հնչեցնել բռնության կոչ անող խոսք` ինքն էլ չհասկանալով, որ դա քրեորեն հետապնդվող արարք է:
- Արդյոք այսօր Հայաստանում խղճի և դավանանքի ազատությունը բավարար չափո՞վ են պաշտպանված, և կա՞ արդյոք իրավական փոփոխությունների անհրաժեշտություն:
- Փաստորեն բավարար չափով այսօր պաշտպանված չէ, եթե կառուցակարգերը, իրավական պաշտպանության մեխանիզմներն աշխատում են ընտրովի, ապա նշանակում է, որ բավարար չափով պաշտպանված չէ: Եվ հետո մի տարօրինակ երևույթ կա Հայաստանում. չգիտես ինչու, շատերը հայրենասեր երևալու համար, ես կասեի դա գավառական հայրենասիրություն է, ոմանք նույնիսկ քաղաքական դիվիդենտներ պոկելու համար, նախընտրում են որևէ կրոնական փոքրամասնության հասցեին ասել բռնության կոչեր: Եվ դա անվանում են հայրենասիրություն: Բայց փաստն այն է, որ խղճի և դավանանքի ազատությունն այսօր Հայաստանում լիովին պաշտպանված չէ:
                                                                                                 Աննա Եղիազարյան

Комментариев нет:

Отправить комментарий