Страницы

среда, 1 августа 2012 г.

«Կյանքի խոսք»-ը կգնա՞ մինչև Եվրադատարան

«Բնական է, որ դատարանի վճիռը չի բավարարում «Կյանքի խոսք» եկեղեցուն, որովհետեւ մեր կարծիքով, այն անարդարացի էր: Բավական է ասել, որ դատարանը վճռի պատճառաբանական մասում չի օգտագործել հայցվոր կողմի եւ ոչ մի ապացույց, որոնք լիովին հիմնավորում էին հայցվոր կողմի պահանջի արդարացի լինելը»,- ասաց Արմեն Լուսյանը:
Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին անարդար է համարում Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի երեկվա վճիռը եւ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել: Այս մասին «Ա1+ »-ի հետ զրույցում ասաց «Կյանքի խոսքի» մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը:
Նշենք, որ դատարանը երեկ դատավոր Ռ.Ներսիսյանի նախագահությամբ մերժեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի` գտնելով, որ թերթի էջերում տեղ գտած արտահայտություններն ու ծաղրանկարները վիրավորական չեն:
«Կյանքի խոսքը» դատարանում վիճարկում է «Իրավունք» թերթի հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը, որտեղ «Իրավունքը» կազմակերպությանը մեղադրում է մանկապղծության, պոռնոգրաֆիա քարոզելու եւ այլ մեղքերի մեջ:
«Կյանքի խոսքը » վիրավորական և զրպարտություն է համարում նաեւ թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված կնոջ` դերասանուհի Անժելա Սարգսյանի ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը:
Հայցվորը դրամական պահանջ չէր ներկայացրել թերթին եւ հասցված վիրավորանքի դիմաց պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը:
Դատարանը գտավ, որ վերոնշյալ արտահայտությունները վիրավորանք չեն եւ մերժեց հայցը` վճռելով «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունից և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանից հօգուտ «Իրավունք» թերթի բռնագանձել 150-հազարական դրամ՝ որպես փաստաբանական ծախս, իսկ հօգուտ պետական բյուջե փոխանցել 1500 ՀՀ դրամ:
«Բնական է, որ դատարանի վճիռը չի բավարարում «Կյանքի խոսք» եկեղեցուն, որովհետեւ մեր կարծիքով, այն օբյեկտիվ չէր եւ անարդարացի էր ,- ասաց «Կյանքի խոսքի» մամուլի խոսնակ Արմեն Լուսյանը` հավելելով,- Բավական է ասել, որ դատարանը վճռի պատճառաբանական մասում չի օգտագործել հայցվոր կողմի եւ ոչ մի ապացույց, որոնց թվում ներկայացված էին երկու փորձագիտական եզրակացություններ: Մեկը ՀՀ տեղակատվական վեճերի խորհրդի, մյուսը ՌԴ կրոնի եւ իրավունքի փորձագետների եզրակացություններն էին, որոնք լիովին հիմնավորում էին հայցվոր կողմի հայցապահանջի արդարացի լինելը: Բացի դա, հոդվածներում ակնհայտ կերպով վիրավորանք արտահայտող բնութագրություններ եւ արտահայտություններ կային, որոնք անառարկելի վիրավորանք են»:
Արմեն Լուսյանի խոսքերով` ինչպե՞ս կարելի է վիրավորական չհամարել, երբ մի հոդվածում կրոնական կազմակերպությունը, որը քրիստոնեական եկեղեցի է եւ դավանում է քրիստոնեական բարոյական արժեքներ, ներկայացվում է որպես «անբարոյական գաղափարներ եւ արժեքներ քարոզող աղանդավորական միավորում, իբրեւ թե խրախուսում եւ հովանավորում է պոռնկությունը, անբարոյական կյանքը»:
«Սա ինքնին զրպարտություն եւ վիրավորանք է, որն ուղղակի արատավորում է եկեղեցու բարի համբավն ու եկեղեցու առաջնորդի պատիվն ու արժանապատվությունը»,- ասաց մամուլի խոսնակը` շարունակելով. «Ուստի փորձելու ենք օգտագործել մեր արդարադատության համակարգի ընձեռած բոլոր հնարավորությունները, որ հասնենք արդարացի վճռի»: Մեր հարցին ի պատասխան` նա նաեւ չբացառեց, որ հնարավոր է գործը հասնի Եվրադատարան:
«Կանաչ լույս` մամուլում ատելության եւ բռնության քարոզի համար»
Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի փորձագետ, տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց կայացված վճռի առթիվ:
«Շատ զարմացա, որ դատարանը մերժել է հայցը: Անընդունելի է դա: Ժողովրդավարական հասարակարգում անընդունելի է նման լրագրությունը: Նման վճիռների կայացումը կանաչ լույս է մամուլում ատելության եւ բռնության քարոզի տարածման համար, որն արդեն քրեական վարույթ է մտնում: Հայցը մերժելն անընդունելի է, որովհետեւ եթե նման խոսքն է ընդունելի համարվում, ապա դա կանաչ լույս է բռնություն կամ ատելություն սերմանող խոսքի համար կոնկրետ կրոնական կազմակերպությունների նկատմամբ: Շատ վտանգավոր է նման մոտեցումը, եւ կարծում եմ` Վերաքննիչն ու Վճռաբեկը պետք է այդ սխալն ուղղեն: Ես կանվանեմ դա անբարեխիղճ լրատվություն: Այնտեղ միայն մեկ փաստական տվյալի վրա, որ Կարեն Արայանի մայրն ասել է, որ Անժելա Սարգսյանն այս կազմակերպության անդամ է, մի ամբողջ քննադատական նյութ է պատրաստվել կազմակերպության գործունեության վերաբերյալ` առանց ուսումնասիրելու կազմակերպության գործունեությունը, մտնելու այդ կազմակերպություն, հարցազրույցներ վերցնելու»:
Արա Ղազարյանին հարցրինք նաեւ, թե իր կարծիքով, ինչո՞ւ մյուս դեպքերում, երբ վիրավորանքը հատկապես պաշտոնյաներին է վերաբերում, թերթերը տուգանվում, պատժվում են, իսկ այս դեպքում նման վճռի ականատես եղանք:
«Չեմ կարող ասել: Սա կրոնական կազմակերպության նկատմամբ ատելություն սերմանող նյութ էր,- ասաց փորձագետը` հավելելով,- Եթե կազմակերպությանը մեղադրում է մանկապղծության մեջ, եւ դա շատ լուրջ մեղադրանք է, ապա պիտի ցույց տար, որ սեփական հետաքննություն է կատարել գոնե նվազագույն պայմաններով, գոնե մեկ անգամ այցելեր կազմակերություն: Բայց ընդամենը ասեկոսեի` երրորդ անձի հայտարարության հիման վրա, առանց փաստական տվյալների կազմակերպությանը նման մեղադրանք ներկայացնելը լրագրություն չէ եւ սպառնում է ժողովրդավարական հասարակարգում առողջ լրագրությանը»:
Ավելացնենք, որ տեղեկատվական վեճերի խորհուրդը գտել է նաեւ, որ ծաղրանկարների մատուցման նման եղանակը կարող էր վիրավորել կրոնական կազմակերպության անդամների կրոնական զգացմունքները, իսկ «աղանդ» բառի շարունակաբար և հետևողականորեն օգտագործումը «լրատվանյութը վերածում է կրոնական ատելություն սերմանող կամ հրահրող խոսքի»:

Комментариев нет:

Отправить комментарий