Ինչ է հարկավոր մեծ ձեռքբերումների հասնելու համար
Մտորելով հասկացել եմ, որ մեծ ձեռքբերումներ ունենալու համար հինգ կարեւոր բաներ կան, որոնք պետք է տեղ գտնեն մարդու կյանքում:
1. Ձգտիր ունենալ ավագ, ով բխող աղբյուրի պես է: Գիտեք` միշտ էլ մարդ կարիք է զգում թարմ ջրերի, նոր հայտնությունների, եւ այդ ամենը կարող է լինել, եթե ունես ավագ, որից գետեր են հոսում: Ես կասեմ` երանի քեզ, եթե դու ունես այդպիսի ավագ, որից թարմ եւ քաղցր ջրեր ես խմում: Եթե ավագդ ցամաքել է կամ նրանից դառը ջրեր են բխում, քո կյանքն էլ կչորանա եւ կխամրի:
2. Երբ Աստծուց ծրագրեր ես ստանում, դրանք դիր գործի մեջ: Լինում են ժամանակներ, երբ վառվում ենք ինչ-որ ծրագրերով, որոնք գիտենք, որ Տերն է մեզ տվել: Պահը բաց մի թող եւ ջանք արա դրանց իրագործման ուղղությամբ: Թույլ մի տուր, որ մեջիդ կրակը հանգի եւ ծրագրերն էլ մոռացության գիրկն անցնեն:
3. Մի ձգտիր հասնելու քո մարմնի ցանկություններին, այլ անձդ ձեւավորիր Աստծո արքայության մեջ: Մարմինը շատ հետաքրքիր հատկություն ունի. նա քաջատեղյակ է, որ երկնքի արքայությունը չի ժառանգելու, ուստի ցանկանում է ամեն ինչ “վայելել” երկրի վրա: Բայց հոգեւոր մարդը գիտի, որ նախ պետք է փնտրել երկնքի արքայությունը, իսկ կյանքի համար անհրաժեշտ մնացած բաները կտրվեն:
4. Ֆինանսներդ դիր կարգուկանոնի մեջ: Շատ կարեւոր է հետեւել, թե ինչպես ենք ծախսում մեր ֆինանսները: Այս առումով հարկավոր է ունենալ առաջնայնություններ եւ ամեն կերպ խուսափել անիմաստ ծախսերից:
5. Ջանք մի խնայիր, որպեսզի աճես եւ կարողություններդ զարգացնես: Միգուցե մենք ունենք ընդունակություններ, տաղանդ, մասնագիտություն, բայց մեծ ձեռքբերումների հասնելու համար անչափ կարեւոր է ձգտել, ջանք անել, կատարելագործվել, էլ ավելի մասնագիտանալ, օգտակար գրականություն, նյութեր ուսումնասիրել, սովորել նոր բաներ:
Եթե այս հինգ բաներն ունենանք մեր կյանքում, համոզված եմ, որ պտղաբեր եւ հաջողակ մարդիկ կլինենք:
Комментариев нет:
Отправить комментарий