Սե՞ր, թե՞ հաշվարկ, անկեղծ հարաբերություննե՞ր, թե՞ բարեկեցիկ ապրելու տենչ, խաղաղ ընտանիքի հո՞ւյս, թե՞ շքեղության նկատմամբ ունեցած անհագուրդ ցանկություն…
Այս ամենի շուրջ խորհեցին դերասաններ և օրինակելի ամուսիններ` Արմեն և Աննա Էլբակյանները:
-Ամուսնությունն ի՞նչ կարևորություն ունի հասարակության համար: Ընտանիք բջիջը որքանո՞վ է կարևոր հասարակություն, պետություն համակարգում:
Արմեն Էլբակյան -Առհասարակ չեմ սիրում կոմունիստներից մեջբերումներ անել, բայց դեռևս ինստիտուտում մեզ սովորեցնում էին, որ ընտանիքը պետության հիմքն է: Եվ, իրոք, դա էդպես է, դա միայն Էնգելսի միտքը չէ, դա աշխարհի փորձառությունն է: Չէ՞ որ հենց առաջին ընտանիքի հիմքը դրեց Աստված, և այդ ընտանիքը ի վերջո հանգեց պետության: Բայց ինձ համար խիստ կարևոր է ոչ այդքան այդ ամուսնական սիմվոլը, այլ բարոյական չափանիշը, թե հանուն ինչի է ստեղծվել այդ ընտանիքը, ինչ նպատակներ է հետապնդում և որն է նրա ապրելու տեսիլքը: Ընտանիքը կուռ է լինում և ամուր, երբ նրա ապրելու տեսիլքը ոչ միայն ընտանիքի ամուր և բարեկեցիկ լինելն է, այլ նաև հասարակական կյանքում իր ուրույն դերն ունենալն ու մերձավորի մասին մտածելը:
Ես Արմենին չեմ հետապնդել, պարզապես նրա մեջ գրգռել եմ այդ հայցը...
Աննա Էլբակյան -Ես ուզում եմ նախ խոսել խնդրից: Հիմա միայն մեկ խնդիր եմ տեսնում, որ «դիալոգ»-ն է վերացել: Մարդիկ կարիք ունեն, «վերևը» ուզում է բռնությամբ լուծել այդ կարիքը, բայց էդպես դա չի լուծվում: Չլսել ու հաշվի չնստել, «դիալոգ»-ի չնստել, դա ամենամեծ խնդիրն է: Եվ այս խնդիրը, ցավոք, ընտանիքներում է: Եթե ամեն մեկն իր կյանքով է ապրում և չի ուզում գոնե փորձել լսել, ոչինչ չի ստացվի: Պարզապես կբարձրանան կարիքները, կգա վիրավորանք, վիրավորանքը կդառնա ատելություն, խզում և ի վերջո` մարդասպանություն: Բաժանումն էլ է մարդասպանություն, մարդուց հրաժարվելը և ներքին երդումով վճռել նրա հետ այլևս գործ չունենալ. սա էլ է սպանություն: Երբ քո հասարակությունից, քո անձի շրջանակից այդ մարդու վրա փակում ես դուռը, այդպիսով սպանում ես նրան:
-Ի՞նչ հիմքի վրա են լինում ամուսնությունները:
Արմեն Էլբակյան -Ես մի հիմք գիտեմ. դա սերն է, որովհետև առանց սիրո մնացած բոլոր տեսակի ամուսնությունները հիմք չեն ունենում: Եվ ի վերջո հանգեցնում են մեղքի, սթրեսների և ողբերգության: Իսկ ընտանիքը, ինչպես և արվեստը, զոհաբերություններ է պահանջում, որովհետև ընտանեկան հարաբերություններն էլ արվեստ են:
-Ինչպե՞ս եք վերաբերվում հաշվարկով ամուսնություններին:
Արմեն Էլբակյան – Իմ ողջ ստեղծագործական կյանքում, բոլոր պիեսները, բոլոր գործերը, որ բեմադրել եմ, շատերի մեջ էդպիսի դեպքերի հանդիպում ենք, հատկապես Սունդուկյանի պիեսներում, և, իհարկե, դրա դեմ ենք բեմադրում, որպեսզի մարդը հասկանա, որ հաշվարկով ամուսնությունը ապրելու ճանապարհ չէ, որովհետև սերն է, որ կկառավարի աշխարհը:
-Բայց մի՞թե նյութականը կարևոր չէ:
Արմեն էլբակյան -Նյութականը միշտ էլ քիչ է, բոլորի համար քիչ է: Մեկը խնդիր ունի, որ մեքենայի բենզինը չի կարողանում լցնել, մեկ ուրիշն էլ ուզում է մեքենա ունենալ, մի չորորդն էլ… Այսինքն` նյութականը միշտ էլ քիչ է, եթե դու չունես չափի զգացողություն և չես հասկանում, որ էդ նյութականը ընդամենը նրա համար է, որպեսզի կարողանաս իրականացնել այն նպատակը, հանուն որի ապրում ես: Ես ապրում եմ հանուն նրա, որպեսզի փորձեմ իմ կարողության չափով էս աշխարհը մի քիչ ավելի լավը դարձնել: Եվ, իհարկե, եթե նյութականի հնարավորություն ունենամ, կփորձեմ նաև նյութականի միջոցով:
Աննա էլբակյան -Հաշվարկով ամուսնություններին ես մի փոքր այլ կերպ եմ վերաբերվում, որովհետև հաշվարկը միայն շահամոլությունը չէ: Մենք կարող ենք էմոցիոնալ որոշում կայացնել, դէ, իհարկե, էստեղ սրտի գործոնն էլ կա: Երբ ես տեսա Արմենին, չգիտեմ դա ինտուիցիա էր, թե մարգարեական մի բան, բայց սրտումս ասացի` սա իմ ամուսինն է: Այդ ժամանակ նա իմ դասախոսն էր, և ես ել շատ փոքր էի` 17 տարեկան: Նույնիսկ երբ ամուսնացանք, շատերը Արմենին խոսքով «կծում էին»` ասելով` դու մանկապիղծ ես: Բայց միևնույն է, երբ ես նրան տեսա, ես չգիտեի, թե ով է, ում տղան է, անմիջապես էդպես արձագանքեցի: Սունդուկյանի թատրոնում գյուղացի աղջիկ էի խաղում և սովորում էի ստուդիայում, իսկ Արմենը մեզ դաս էր տալիս: Ժողովի ժամանակ ինչ-որ բան ասաց և այդ բոլորի միջից նրա հայացքը ուղղվեց ինձ, գուցե նա անգամ չնկատեց էլ էդ պահը, բայց երբ էդ հայացքը տեսա, ներսումս մի բան խոսեց` «սա քո ամուսինն է»: Հետո ես նրան չեմ հետապնդել, պարզապես նրա մեջ գրգռել եմ այդ հայցը: Ու կապ չուներ, որ նա ինձանից տասը տարի մեծ էր, կապ չուներ, որ ընտանիքս դեմ կլիներ, որովհետև ընտանիքում չորրորդ երեխան էի, և բոլորը ինձ որպես փոքրի էին վերաբերվում: Նրանց համար իմ ամուսնանալու գաղափարը շատ օտար էր: Բայց ես գուցե համարձակ մարդ եմ ու գուցե §ձեռնոց նետող¦, ուստի ինքս սկսեցի առիթներ փնտրել, որ հետը զրուցեմ, երբեմն նաև դասից դուրս: Առաջին ձեռնոցը սիրտս նետեց, բայց հետո շատ բաներ չէի հաշվարկել: Աստծո խոսքն ասում է, որ մինչ տուն կառուցելը պետք է դրա ռազմավարությունը որոշես, թե ինչպես պետք է այն ավարտին հասցնես: Իսկ ես դա չէի մտածել, չգիտեի, թե ինչ բան է ընտանիքը: Ուստի շատ մեծ դժվարություններով անցա:
Комментариев нет:
Отправить комментарий