Страницы

вторник, 22 мая 2012 г.


Ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում «աղանդների» դեմ պայքարողները

By Editor  /   21/05/2012  /   No Comments

Հնարավոր չէ թշնամանք սփռելով Սեր սերմանել:

Pages: 1 2
Ցանկացած հասարակությանն անհրաժեշտ է բարոյական արժեքների համակարգ, որն ընդունելի կլինի բոլոր խավերի կամ գոնե մեծամասնության կողմից: 1700‑ամյա քրիստոնեական պատմություն ունեցող Հայաստանի համար, անտարակույս, քրիստոնեական արժեհամակարգն այլընտրանք չունի: Այն համահունչ է և´ազգային, և´ համաշխարհային արժեքներին:


Իսկ ովքե՞ր պետք է լինեն քրիստոնեական արժեքների կրողներն ու տարածողները: Իհարկե քրիստոնյաները, առաջին հերթին`Առաքելական, նաև Ավետարանական ընտանիքի և Կաթողիկե եկեղեցիները: Հիշեցնենք, որ ըստ սահմանման` եկեղեցին բոլոր հավատացյալների համախումբն է, այլ ոչ միայն հոգևոր առաջնորդների կամ կղերի: Հետևաբար, հենց հավատացյալները պետք է լինեն քրիստոնեական արժեքներ, քրիստոնեական սկզբունքներ ու բարքեր տարածողները:


Նրանց համար, ովքեր իրենք իրենց համարում են հայ քրիստոնյա, բայց չեն առնչվում Աստվածաշնչի հետ, թվենք քրիստոնեության հիմնական արժեքներից մի քանիսը. սեր, արդարության և ճշմարտության ձգտում, կարեկցանք, հանդուրժողականություն և այլն:


Հիմա տեսնենք, թե մի՞շտ են արդյոք քրիստոնեության, քրիստոնյա եկեղեցու պաշտպանության ջատագովները հավատարիմ մնում այս արժեքներին: Որպես օրինակ դիտարկենք վերջերս ԶԼՄ-ներից մեկում տպագրված  հոդվածներից մեկը:


Ըստ հոդվածագրի` «Հայաստանում աղանդավորների թիվը կազմում է 300-400 հազար»:


Այս տվյալի աղբյուրն անհայտ է: Կասկածելով դրա արժանահավատությանը, այդուհանդերձ հարցնենք միմյանց՝ քրիստոնեաբա՞ր է արդյոք ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում հայտարարել, թե 300-400 հազար մարդուց «…յուրաքանչյուրը վտանգ է սպառնում ոչ միայն մեր եկեղեցուն, այլ նաեւ վտանգավոր է ազգային անվտանգության եւ պետության հիմքերը խարխլելու տեսանկյունից»: Ինչո՞ւ է վտանգավոր, ինչո՞վ է արտահայտվում վտանգը: Հայտնի չէ:


Եթե հաշվի առնենք, որ «աղանդավոր» համարում են գիտակից, չափահաս մարդկանց, ապա կարելի է սպասել, որ նրանց երեխաներն էլ ապագա «աղանդավորներ» են: Ուրեմն բերված թիվն առնվազն կրկնապատկվում է: Մյուս կողմից, ըստ տարբեր տվյալների, Հայաստանի 3 միլիոն բնակչությունից մոտ 300-500 հազարը գտնվում է հանրապետությունից դուրս: Ստացվում է, որ Հայաստանի իրական բնակչության մոտ կեսը «վտանգավոր» է:


Ավելին` այդ «վտանգավորները» «կուլ են տվել» հայերին: Այսինքն՝ իրենք հայ չեն, բայց կուլ են տվել հայերին:


Հայաստանն այն քիչ երկրներից է, որ հայտնի է իր ազգային միատարրությամբ: Եվ հանկարծ պարզվում է, որ ազգի մի կեսը ոչ միայն վտանգավոր է մյուս կեսի համար,այլ նաև հայ էլ չէ… Ո՞ւմ  օգտին է «պառակտության» այսպիսի պատրանք ստեղծելը՝ եկեղեցո՞ւ, ազգային անվտանգությա՞ն, պետությա՞ն…


Որտեղի՞ց  այսքա՜ն «քրիստոնեական հանդուրժողականություն»:


Տեսնենք, թե ու՞մ նկատի ունի հոդվածագիրը «աղանդավոր» ասելով: Դրանք բապտիստներն են, հիսունականները կամ հոգեգալստականները, Ավետարանական հավատի քրիստոնյաները, Եհովայի վկաները, մորմոնները:


Մեր նպատակը քրիստոնեական արժեքների հաստատման մասին խոսելն է, ուստի առայժմ հանգիստ թողնենք Եհովայի վկաներին և մորմոններին:


Բապտիստական եկեղեցին հայերեն կոչվում է մկրտական (բապտիզմ՝ հունարեն մկրտություն): Մկրտականները ընդունում են միայն երկու խորհուրդ՝ մկրտությունն ու հաղորդությունը: Սակայն հոդվածագիրը պնդում է, որ նրանք «…մկրտությունն ու հաղորդությունը համարում են սոսկ եկեղեցական կարգ, որը խորհրդավորություն չունի»: Ինչու՞ է հեղինակը պնդում իրականության ճիշտ հակառակը: Հնարավոր է երկու պատճառ. կամ անտեղյակությունը, կամ միտումնավորությունը՝ հանուն ինչ-որ նպատակների: Առավել հավանական է նաև երրորդ տարբերակը՝ երկուսը միասին: Այսինքն՝ ճշմարտության մասին սոսկ մակերեսային պատկերացում ուենալով, նենգափոխել այն՝ բապտիստների նկատմամբ թշնամանք սերմանելու նպատակով: Սա էլ «քրիստոնեական սիրո» վառ դրսևորման օրինակ:


Անցնենք հիսունականներին կամ հոգեգալստականներին, ավետարանական հավատի քրիստոնյաներին, այդ թվում՝ հոդվածում հիշատակված «Կյանքի խոսք» եկեղեցուն: Սրանք բոլորը (ինչպես նաև մկրտականները) ավետարանական-բողոքական ընտանիքի եկեղեցիներ են: Այս եկեղեցիների որոշիչ առանձնահատկությունն այն է, որ նրանք որպես հավատի աղբյուր հռչակել են բացառապես ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ: Ոչ թե «Դիտարանը», ոչ թե որևէ «…առաջնորդի “հորինած” հակաեկեղեցական գաղափարները», այլ՝ բացառապես ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ: Բողոքականների դավանաբանության մասին «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանում (Երևան, 2002թ., էջ 180) գրված է. «…միակ և բացարձակ հեղինակությունը Աստվածաշունչն է, որտեղ Քրիստոսի խոսքը համարվում է գերագույն, հայտնութենական ճշմարտություն»:


Հարցս ուղղում եմ Հայաստանի բոլոր քրիստոնյաներին՝ նրանց, ովքեր իրենք իրենց հայ քրիստոնյա են համարում, նրանց, ում «աղանդավոր» են կոչում, նաև նրանց,  ովքեր, պարզապես, հարգանքով են վերաբերվում քրիստոնեությանը.


— Հնարավո՞ր է, որ Քրիստոսի խոսքը գերագույն, հայտնութենական ճշմարտություն համարող մարդիկ «հետապնդեն քայքայիչ, կործանիչ նպատակներ»: Ո՛չ, և կրկին ո՛չ:


Ավետարանական-բողոքական եկեղեցին հավատացյալների քանակով երկրորդն է աշխարհում՝ Կաթողիկե եկեղեցուց հետո: Այսօր բողոքականների թիվն աշխարհում հասնում է 800 միլիոնի: Բողոքականությունը տարածված է Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Ասիայում: Հարավային Կորեայի բնակչության մոտ 25%-ը բողոքականներ են: Եվ այս հսկա բանակը «հետապնդում է քայքայիչ, կործանիչ նպատակներ»… Թող Աստված ների ինձ այս անհեթեթությունն այստեղ կրկնելու համար:


Դառնանք Եհովայի վկաներին և մորմոններին: Դրանք քրիստոնեական ուղղություններ չեն: Որոշ առումով կարող են անգամ խաթարել պետության որոշ գործառույթներ: Բոլորին հայտնի է զինծառայությունից խուսափելը՝ պատճառաբանելով զենք վերցնելու արգելանքը, հայտնի է արյան փոխներարկումից հրաժարվելը: Սակայն այս դեպքում անգամ քրիստոնեական բարոյականության տեսակետից անընդունելի է նրանց նկատմամբ ատելություն քարոզելը: Նրանց հարկավոր է կարեկցել և անել առավելագույնը՝ քարոզչական-բացատրական եղանակներով ճշմարտությանը հաղորդակից դարձնել: Ո՞վ պետք է դա անի: Դարձյալ քրիստոնյաները, այդ թվում՝ ավետարանականները: Իսկ ինչպե՞ս անեն, եթե հայտարարված են «վտանգավոր ու կործանիչ»:


Ամփոփելով, պատասխանենք վերնագրում բարձրացված հարցին՝ ու՞մ ջրաղացին են ջուր լցնում «աղանդների» դեմ պայքարողները: Պատասխանն ակնհայտ է՝ նրանց, ովքեր ուզում են, որ Հայաստանը հեռու լինի քրիստոնեական արժեքներից, ովքեր ձգտում են պառակտել ազգը, ստեղծել «թշնամու» կերպար և պայքարել այդ «թշնամու» դեմ՝ մարդկանց ուշադրությունը իրական խնդիրներից և իրական արժեքներից շեղելու նպատակով: Նրանց, ովքեր սարսափում են քրիստոնեական բարոյականությունից, ովքեր իրենք գող լինելով, ամենից բարձր են գոռում՝ «բռնե՜ք գողին»:

Pages: 1 2
Share      Print        Email
Published: 1 day ago on 21/05/2012
By: Editor
Last Modified: May 21, 2012 @ 10:33 am
Filed Under: Թարմ գրառումներ, Հոդվածներ
Tagged With: աղանդավորներ, բողոքական, Եհովայի վկա, մկրտական, մորմոն
NEXT ARTICLE →
Ավետարանի ընթերցանություն Սանկտ Պետերբուրգի կենտրոնում
← PREVIOUS ARTICLE
Ավետարանն ավելի կարևոր է, քան քաղաքականությունը
http://www.crossnews.am/

Комментариев нет:

Отправить комментарий