Страницы

среда, 8 июня 2011 г.

Հին պատմություն 23/05/2011 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր դասի վարքագիծը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նվեր ավտոմեքենա՝ «Բենթլիով» եւ ատրճանակով հանդերձ։ Հասարակությունը միակարծիք չէ նաեւ Երեւանի կենտրոնում Գարեգին Բ-ի նստավայրի կառուցման առիթով։ Բարձրացվում են եւ այդ կառույցի նպատակահարմարության, ճարտարապետական լուծումների, ինչպես նաեւ այն հարցը, թե արդյո՞ք ներկայիս սոցիալական ծանր պայմաններում գտնվող Հայաստանի համար դա մեծ շքեղություն չէ։

Եվ այս պարագայում հանկարծ տեղի է ունենում ինչ-որ միջադեպ՝ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների եւ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչների միջեւ։Չեմ բացառում, որ գտնվել է հայ ազգի գիտակցությունը հերթական անգամ մթագնելու դեղատոմսը, որը կօգնի հնարավորինս շեղել հասարակության ուշադրությունը Հայ առաքելական եկեղեցու հետ կապված վերը նշված պատմություններից։ Ցանկացած պարագայում հասարակությունը պետք է փորձի այդ միջադեպի հետ կապված մանրամասները ստանալ իրավապահների քննության արդյունքներից, այլ ոչ թե քարոզչական աղբյուրներից։
Զավեշտ են հնչում այն հայտարարությունները, թե իբր «աղանդները վտանգում են Հայոց պետականությունը»: Եթե խոսենք այդ տերմինաբանությամբ, ապա մարդկության պատմության մեջ դեռ ոչ մի աղանդ չի կործանել եւ ոչ մի երկիր. պետությունները կործանվել են բացառապես իշխող վարչախմբերի, ինչպես նաեւ «պաշտոնական կրոնների սպասավորների» գործողություններից։ Ամենացայտուն օրինակը Անիի բանալիների հանձնումն էր Բյուզանդիային Ամենայն հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձի կողմից։
Հայաստանի բարձրագույն օրենքը Սահմանադրությունն է, եւ բոլորը, անկախ կրոնական համոզմունքներից, հավասար են օրենքի առաջ։ Եթե ինչ-որ մեկը խախտել է Հայաստանի օրենսդրությունը, ուզում է լինի առաքելական եկեղեցու հետեւորդ, թե «աղանդավոր», պետք է պատասխանատվության կանչվի միմիայն օրենսդրությամբ սահմանված կարգով. ի վերջո հայ ազգը կրոնական համայնք չէ, եւ Հայաստանի ցանկացած քաղաքացի ազատ է դավանելու իր նախընտրած կրոնը։
Ով է դատավորը, որ պետք է որոշի, թե այս կամ այն կրոնական ուղղվածություն դավանող հայը վատ հայ է կամ լավ հայ։ Եթե շարժվենք այդ չափանիշներով, հնարավոր է, որ մի օր Երեւանի կենտրոնում վառվեն ինկվիզիցիայի խարույկներ։ Կրոնական կազմակերպությունների գործունեությունը սահմանված է օրենսդրությամբ, եւ պետությունը պետք է հսկի, որ այս կամ այն կրոնական համայնքը չխախտի երկրի օրենսդրությունը, ինչպես նաեւ չխախտվեն ոչ մի կրոնական համայնքի ներկայացուցչի իրավունքները:
Զարմանալի չէ Հայ առաքելական եկեղեցու անհանդուրժող վերաբերմունքն այլ կրոնական հոսանքների նկատմամբ: Հայ առաքելական եկեղեցին իր ստեղծման օրվանից փորձել է հայության վրա ունենալ գերիշխանություն, այն մշտապես դաժանորեն հետապնդել է  կրոնական այլ ուղղությունների ներկայացուցիչներին: Ժամանակին թոնդրակյաններին, պավլիկյաններին, հայ կաթոլիկներին ու քաղկեդոնականներին հայտարարում էր «ոչ հայ, օտար, դավաճան» եւ, խտրականություն չդնելով միջոցների մեջ, փորձում բնաջնջել կամ երկրից վտարել նրանց։
Նման «կրոնական պատերազմները» շատ թանկ նստեցին հայ ժողովրդի վրա, հայ ազգը կորցրեց զգալի հատվածներ։ Եվ ներկայումս, երբ Հայաստանի Հանրապետությունում ծվարել են հայ ազգի վերջին բեկորները, նոր «կրոնական պատերազմների» սանձազերծումը կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ…
Արգիշտի Կիվիրյան, «ARMENIA Today» գործակալության համակարգող
http://www.hraparak.am/2011/05/23/kron/?sms_ss=facebook&at_xt=4dec5d9aabc464cb%2C0

Комментариев нет:

Отправить комментарий