1998 թվականի ապրիլի 17-ին հայտնվեցի բանտում. մարդ էի սպանել,
ինչ-որ մեկը վիճաբանության ժամանակ դանակով ուզում էր հարվածել հորս,
բայց ես նրան հարվածեցի, ու նա մահացավ: Ինձ ձերբակալեցին եւ
դատապարտեցին 9 տարվա ազատազրկման:
Բանտային կյանքը շատ բարդ ու լարված է, մի կողմից կարոտում ես հարազատներիդ,
մյուս կողմից պետք է յուրացնես բանտային չգրված օրենքները, գոնե կենդանի մնալու համար:
Հետզհետե սկսեցի հարմարվել այդ կյանքին, նույնիսկ հարցեր էի լուծում:
Շուտով ինձ վստահեցին, որ "նայեմ գաղութ":
Կալանքի մեջ գտնվողների մեծ մասը մտածում է երջանկության մասին, երազում
որ իր երեխայի ձեռքից բռնած զբոսնի, իր կնոջ հետ գնա հանգստանալու,
ապրի իր տան մեջ, վայելի իր ծնողների, հարազատների սերն ու քնքշանքը:
Իսկ բանտում կոպտությունից, դաժանությունից բացի ուրիշ ոչինչ չես տեսնում:
Շատերս մեր կամքով ենք մտնում այդ կյանքի մեջ եւ չենք կարողանում դուրս գալ,
որովհետեւ ճանապարհը չգիտենք:
2001 թվականի դեկտեմբերի 29-ին համաներման շնորհիվ ես ազատ արձակվեցի:
Սակայն որոշ ժամանակ անց կրկին հայտնվեցի բանտում` գողության
եւ կեղծ փաստաթղթերի մեղադրանքով: Դա կրկնվեց մի քանի անգամ, կարծես
բանտը անեծքի նման հետեւում էր ինձ: Ես սկսեցի ելք փնտրել, բայց ինձ շրջապատոող
մարդիկ գտնվում էին նույն թակարդում, որտեղ ես էի, եւ չէին կարող ինձ օգնել:
Մորս, եղբորս ու նրա կնոջ աղոթքների, քարոզների, զրույցների եւ իհարկե Աստծո
ողորմության շնորհիվ աստիճանաբար սկսեցի աղոթել ու կարդալ Սուրբ Գիրքը:
Հասկացա, որ կա ճանապարհ եւ պետք է քայլել այդ ճանապարհով, միայն թե
ինձ ուժ էր հարկավոր: Ես շարունակ մտածում էի` ինչպե՞ս թողնեմ ընկերներիս,
ի՞նչ կմտածեն իմ մասին: Այդ մտքերը ինձ հանգիստ չէին տալիս:
Զգում էի, որ սիրում եմ Աստծուն, բայց միաժամանակ չէի դադարում մեղք գործել,
որի արդյունքում կրկին հայտնվեցի բանտում` գողության մեղադրանքով: Այնտեղ
հանդիպեցի մի մարդու, ով նախկինում եղել էր թմրամոլ, հանցագործ, սակայն
ապաշխարել էր: Նրա հետ զրուցելուց հետո իմ հավատքը զորացավ, նույնիսկ,
իմ կողքի կալանավորներին սկսեցի քարոզել Աստծո Խոսքը, թեեւ ինքս էլ լավ չգիտեի:
Բանտից ազատվելուց հետո ինձ հրավիրեցին եկեղեցական հավաքույթի:
Ես ապաշխարեցի իմ մեղքերից եւ խնդրեցի, որ Տերը ինձ ուժ տա,
որպեսզի կարողանամ քայլել Նրա ճանապարհով:
Հիսուս Քրիստոսը գերբնականորեն փոխեց իմ կյանքը: Նա իմ կյանքում արեց այն,
ինչ ոչ ոք չէր արել եւ չէր էլ կարող անել: Այժմ ես ազատ եմ, կարողանում եմ
մարդկանց հանդեպ ցուցաբերել իմ սեր ու բարությունը: Ես հասկանում եմ, որ այդ
ամենը կատարելով` Տիրոջ կամքն ու պատվիրանն եմ կատարում: Աստված
ինձ տվեց այն ամենը, ինչ փնտրում էի աշխարհում, բայց չէի կարողանում գտնել:
Այժմ, երբ առիթ է լինում եկեղեցու ծառայողների հետ այցելել բանտեր եւ հանդիպել
իմ ծանոթներին, ես անպայման նրանց վկայում եմ Աստծո գործերի մասին:
Նրանցից շատերի աչքերում տեսնում եմ այն մոլորվածությունն ու անհուսությունը,
որով մի ժամանակ տառապում էի ես: Այդ պատճառով երազում եմ, որ
նրանցից յուրաքանչյուրը ապաշխարի ինձ նման եւ ճաշակի Տիրոջ քաղցրությունը:
Արթուր Սեդրակյան,
Երևան
Երևան
Комментариев нет:
Отправить комментарий