ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
Հայաստանի Ավետարանական հավատքի քրիստոնյաների “Կյանքի Խոսք” եկեղեցու (այսուհետև` Եկեղեցի) դավանաբանության և քրիստոնեական կյանքի հիմքը Սուրբ Գիրքն է` Աստվածաշունչ մատյանը` բաղկացած կանոնական 66 գրքերից: Քրիստոնեական կյանքին, ինչպես նաև ցանկացած գաղափարախոսությանը վերաբերող գնահատականները և մեկնությունները Եկեղեցին տալիս է Աստվածաշնչի համաձայն` Աստծո Խոսքը համարելով բարձրագույն հեղինակություն վարդապետության, հայտնությունների, քրիստոնեական փորձառության ու պրակտիկայի բնագավառում:
“Ամեն Աստվածաշունչ գիրք օգտակար են վարդապետության, հանդիմանության, ուղղելու և արդարության խրատելու համար” (Բ Տիմոթեոս 3.16):
Աստվածաշունչը հավատքին առնչվող հարցերի միակ ճշգրիտ չափանիշն է, որի համաձայն ստուգվում են Եկեղեցու բոլոր ուսմունքները: Մենք հավատում ենք, որ Սուրբ Գիրքը քրիստոնյաների համար ընդմիշտ կմնա հիմնարար ճշմարտություն և բարձրագույն չափանիշ, որով չափվում են մարդկային վարքն ու բարոյականությունը: Քրիստոնյաները պետք է շարունակ համեմատեն իրենց հավատն ու կյանքը Աստվածաշնչի հետ (Մատթ. 5.18, Հովհ. 10.35):
Եկեղեցու նպատակն Աստծո կամքի կատարումն է: Սուրբ Գիրքը հստակորեն վկայում է, որ Աստծո կամքի գլխավոր կիզակետը մարդկանց դարձն է առ Աստված և փրկությունը` Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով: Այդ ծրագրի իրագործման հրամայականն ավետարանչությունն է բոլոր ազգերի մեջ:
“Որովհետև սա բարի և ընդունելի է մեր Փրկիչ Աստծո առաջ, որ կամենում է, որ ամեն մարդիկ փրկվեն և ճշմարտության գիտությանը գան” (Ա Տիմոթ. 2.3):
“Եվ նրանց ասաց. ՙԳնացեք բոլոր աշխարհքը, Ավետարանը քարոզեք ամեն արարածի: Ով որ հավատաց և մկրտվեց, կփրկվի, և ով որ չհավատաց, կդատապարտվի” (Մարկ. 16.15, 16):
ԱՍՏՎԱԾ
Մենք հավատում ենք Եռամեկ ճշմարիտ Աստծուն` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն` չխառնելով ու չնույնացնելով Անձերին և չտարաբաժանելով էությամբ. Աստվածությունը Երրորդության մեջ, և Երրորդությունը` միասնության մեջ:
“Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք` նրանց մկրտելով Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով” (Մատթ. 28.19):
“Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, և Աստծո սերը, և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենի հետ: Ամեն” (Բ Կորնթ. 13.13):
ԱՇԽԱՐՀԻ ԱՐԱՐՈՒՄԸ
Մենք հավատում ենք, որ Աստված է նյութական աշխարհի` տիեզերքի ու նրանում եղող ամեն ինչի, և ոչ նյութական` հոգեղեն աշխարհի Արարիչը:
“Սկզբումն Աստված ստեղծեց երկինքը և երկիրը” (Ծննդոց 1.1):
“Եվ Դու, ով Տեր, ի սկզբանե երկիրը հիմնեցիր, և երկինքները Քո ձեռքի գործն են” (Եբր. 1.10):
“Վասնզի Նրանով ամեն բան ստեղծվեց` ինչ որ երկնքումն ու ինչ որ երկրիս վրա է, երևացողները և չերևացողները, թե աթոռները, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները. ամեն բան Նրանով և Նրա համար ստեղծվեցին” (Կողոս. 1.16):
Աստված մարդուն ստեղծել է Իր պատկերով ու նմանությամբ (Ծննդ. 1. 26, 27): Մարդու արարման նպատակն է, որպեսզի նա իր գոյությամբ ճանաչի և գործունեությամբ փառավորի Աստծուն: Մարդը ստեղծվել է Աստծո հետ հաղորդակցվելու համար` դրա մեջ գտնելով կյանքի մեծագույն երանությունը:
ՄԵՂԱՆՉՈՒՄ
Մենք հավատում ենք, որ արարումից հետո մարդիկ չհնազանդվեցին Աստծուն, և դա հանգեցրեց մեղքի, մահվան և Աստծուց օտարման (Ծննդոց 3.9-19): Մեղքը Աստծուն չհնազանդվելն է: Մեղքն անօրինություն է (Ա Հովհ. 3.4):
Комментариев нет:
Отправить комментарий