“Կյանքի Խոսք” ավետարանական եկեղեցին հարգանքով է վերաբերվում լրագրողների աշխատանքին, ովքեր կանչված են հասարակության լայն շերտերին ապահովելու յուրաժամանակ տեղեկատվությամբ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին:
Մեր համոզմամբ` հեռուստադիտողին, ունկնդրին, ընթերցողին իրազեկելը պետք է հիմնված լինի ոչ միայն ճշմարտության նկատմամբ անխախտ հավատարմության, այլ նաև անհատի և հասարակության բարոյական վիճակի մասին հոգածության վրա, որն իր մեջ ներառում է դրական իդեալների մատուցումը, ինչպես նաև չարիքի, մեղքի և արատի տարածման դեմ պայքարը:
ԶԼՄ-ները հանդիսանում են ոչ միայն տեղեկատվության աղբյուր, այլև` հասարակական գիտակցության, անձի բարոյական և աշխարհայացքային համոզմունքների ձևավորման գործիք: Այդ իսկ պատճառով “Կյանքի Խոսք” ավետարանական եկեղեցու համար անհանդուրժելի են ԶԼՄ-ներով բռնության, թշնամության, ատելության, ազգային, սոցիալական և կրոնական խտրականությունների քարոզչությունը, ինչպես նաև մարդկային բնազդների մեղսալի շահագործումը:
Եկեղեցիների և աշխարհիկ ԶԼՄ-ների համագործակցությունը ենթադրում է փոխադարձ պատասխանատվություն: Լրագրողին տրամադրվող և նրա կողմից լսարանին փոխանցվող տեղեկատվությունը պետք է լինի հավաստի: Հոգևոր ծառայողի` ԶԼՄ-ի միջոցով տարածվող տեսակետը պետք է համապատասխանի հասարակական հարցերի վերաբերյալ Եկեղեցու ուսմունքին և դիրքորոշմանը: Իր հերթին` լրագրողը պետք է անաչառ լուսաբանի Եկեղեցու գործունեությունը, չխեղաթյուրի հոգևոր ծառայողների կողմից տրամադրվող տեղեկատվությունը, ինչպես նաև ստույգ ներկայացնի Եկեղեցու սկզբունքային մոտեցումները բարձրացված հարցերին:
ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Եկեղեցու և աշխարհիկ ԶԼՄ-ների փոխհարաբերությունների ընթացքում կարող են բարդություններ և նույնիսկ լուրջ հակասություններ առաջանալ: Խնդիրները ծնվում են եկեղեցական կյանքի մասին ո´չ ճշգրիտ կամ թյուր տեղեկատվությունից, ո´չ պատշաճ համատեքստում այն հիշատակելուց, հասարակական դիրքորոշումը հեղինակի անձնական մոտեցումով փոխարինելուց:
Միաժամանակ Եկեղեցու և աշխարհիկ ԶԼՄ-ների միջև կարող են ծագել ավելի խոր սկզբունքային վեճեր: Դա տեղի է ունենում Աստծո անունն անարգելու, սրբապղծության այլ դրսևորումների, եկեղեցական կյանքի վերաբերյալ տեղեկատվության գիտակցված և կանոնավոր խեղաթյուրման, Եկեղեցու և հոգևոր սպասավորների մասին ակնհայտ չարախոսությունների պարագայում: Բոլոր դեպքերում բարդություններն ու հակասությունները պետք է լուծվեն ՀՀ գործող օրենսդրության համաձայն:
Комментариев нет:
Отправить комментарий