Դժվար է պատկերացնել անհոգ ու երջանիկ մանկություն այն դեպքում, երբ ընտանիքում անվերջ վիճաբանություններ են հարբեցող հոր պատճառով: Ցավոք, իմ մանկությունն անցավ նման պայմաններում: Հորս բանտարկությունից հետո ես ու եղբայրս մնացինք մորս խնամքի տակ: Մեծացանք փողոցում, ստացանք փողոցային դաստիարակություն: Այդպես է, երբ ծնողը չի կրթում իր զավակին, փոխարենը դա անում է փողոցը:
Սկսեցի թմրադեղեր վաճառել, իսկ հետո նաեւ ինքս օգտագործել: Սկզբում ինձ թվում էր, թե դրանից լավ հաճույք չկա, բայց հետո հասկացա, որ սատանայի ձեռքերի մեջ գործիք եմ դարձել, որով նա կործանում է մարդկանց:
Հարազատներս տեսնելով քայքայված կյանքս` որոշեցին տեղափոխվել Բեյրութ: Սակայն քաղաքը փոխելով` իմ կյանքը չփոխվեց: Ընդհակառակը, վիճակս ավելի բարդացավ, հիվանդագին կապվածությունն օրեցօր ավելի անհաղթահարելի եւ կործանարար էր դառնում:
Երկու անգամ դատապատվեցի: Բանտից դուրս գալուց հետո նորից շարունակեցի թմրադեղեր օգտագործել: Այդ ընթացքում հարազատներս սկսեցին հաճախել եկեղեցի: Ես գիտեի, որ եղբայրս ու կինս անդադար աղոթում էին ինձ համար:
Մի օր գնացի ընկերոջս մոտ, որպեսզի երկուսով գնանք թմրադեղ գնելու: Միշտ միասին էինք գնում, բայց այս անգամ նա հրաժարվեց: Շատ զարմացա, բայց հետո հասկացա, որ Աստված պատ էր կառուցել իմ ու նրա միջեւ: Երեւի դա եղբորս աղոթքների արդյունքն էր: Բեյրութում մի տղա կար, ով ժամանակին թմրադեղեր էր օգտագործել, բայց Աստված փրկել եւ բժշկել էր նրան: Եղբայրս մի քանի անգամ նրան հրավիրել էր մեր տուն, որպեսզի վկայի իր ազատագրման մասին: Ես լսել էի նրան, բայց իմ կյանքում ոչինչ չէր փոխվել:
Քայլերս ուղղեցի դեպի նրա աշխատավայրը: Ինքս էլ չէի հասկանում, թե ինչու եմ գնում այնտեղ: Երբ նա ինձ տեսավ, ամբողջ մարմնով սկսեց դողալ: Հետո իմացա, որ այդ պահին նա զգացել էր Աստծո ներկայությունն ու զորությունը: Ես ասացի, որ չեմ եկել իրենից ինչ-որ բան ուզելու, այլ եկել եմ ապաշխարելու, եւ եթե չապաշխարեմ, ինքնասպան կլինեմ, որովհետեւ զգում եմ, որ հասել է վերջը:
Հետաքրքիրն այն էր, որ քիչ անց այնտեղ եկավ նաեւ այն եկեղեցու հովիվը, ուր հաճախում էին հարազատներս: Մենք միասին գնացինք եկեղեցի: Ճանապարհին խոսում էինք Աստծո մասին: Ես չէի կարողանում զսպել արցունքներս, որովհետեւ զղջում էի իմ ապրած կյանքի համար:
Այդ օրը Աստված բժշկեց ինձ: Ես սկսեցի Աստվածաշունչ կարդալ: Օրական 10-12 ժամ կարդում էի Աստծո Խոսքը եւ զգում, թե ինչպես է Նրա օծությունն իջնում ինձ վրա եւ մաքրում ինձ: Աստծո կրակով լցված` ես սկսեցի վկայել մարդկանց Հիսուսի մասին: Լսողներից շատերն ապաշխարում էին: Դրա պատճառով ինձ աշխատանքից ազատեցին, բայց Աստված ինձ համար ավելի լավ բան էր նախապատրաստել:
Որոշ ժամանակ անց ինձ զանգահարեցին եւ լավ աշխատանք առաջարկեցին: Բացի այդ աշխատանքից ես հիմնեցի նաեւ իմ անձնական ընկերությունը: Աստված երկնքի պատուհանները բացեց իմ առջեւ, եւ օրհնությունների հոսք սկսվեց իմ կյանքում:
Ես շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր երկար տարիներ աղոթել են ինձ համար եւ չնայելով իրականությանը` հավատացել իմ փրկությանը: Աստծո կամքն է, որպեսզի յուրաքանչյուր մարդ, անգամ ամենավերջին անօրենը, դարձի գա եւ ապրի: Ուստի նշանակություն չունի, թե դու որքան ես ընկել եւ ինչ իրավիճակում ես գտնվում այսօր, Աստծո կամքն է` վերականգնել, բժշկել, ազատագրել եւ երջանկացնել քեզ: Հիսուսն ասաց. "Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ Ես ձեզ հանգստություն կտամ":
Ռոբերտ Կոյումջյան, 42 տարեկան
Լիբանան
Комментариев нет:
Отправить комментарий