Страницы

понедельник, 2 января 2012 г.

Գլուխ 10 - ԱՆՁՆԱԿԱՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՅԱՑՔԸ ՄԱՐԴՈՒՆ
Աստված մարդուն (ինչպես տղամարդուն, այնպես էլ կնոջը) ստեղծել է յուրահատուկ` Իր պատկերով և նմանությամբ: Տերը օրհնում է ամուսնական կապը` որպես մարդկության սերնդի շարունակության միջոց (Ծննդ. 1.28): Տղամարդն ու կինը կարիք ունեն միմյանց հետ հարաբերման և փոխլրացման (Ա Թեսաղ. 5.23, Գործք 4.23, Ա Կորնթ. 3.18):

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ

Հռոմեական իրավունքի համաձայն, որն ընկած է ժամանակակից պետություններից շատերի քաղաքացիական իրավունքի հիմքում, ամուսնությունը հանդիսանում է իրենց ընտրության մեջ ազատ երկու կողմերի համաձայնությունը: Համագործակցությունը, ճշմարիտ համարելով ամուսնության սույն սահմանումը, միաժամանակ այն  իմաստավորում է Սուրբ Գրքի լույսի ներքո:

Քրիստոնյաների համար ամուսնությունը ոչ միայն իրավաբանական պայմանագիր է, սերնդի շարունակության միջոց և բնական պահանջների բավարարում, այլ ըստ Հովհաննես Ոսկեբերանի` "սիրո խորհուրդ", ամուսինների` Քրիստոսի մեջ միմյանց հետ հավիտենական միաբանում: Ամուսնացող քրիստոնյաները խնդրում են եկեղեցական օրհնությունը և հաղորդություն են ընդունում, որն ամուսնական խորհուրդ կատարելու հնագույն ձև է:

Քրիստոսի Մարմնի անդամներ հանդիսացող ամուսինների հավատքի ընդհանրությունը կազմում է ճշմարիտ քրիստոնեական ամուսնության կարևոր պայմանը: Միայն հավատքի մեջ միաբան եղող ընտանիքը կարող է դառնալ տնային եկեղեցի (Հռոմ. 16.4, Փիլիպ. 1.2), որտեղ ամուսինն ու կինը երեխաների հետ միասին աճում են Աստծո ճանաչելիության մեջ:

Միակարծիքության բացակայությունը լուրջ վտանգ է ամուսնական միության ամբողջականության համար: Հենց այդ պատճառով է Համագործակցությունն իր պարտքը համարում` հավատացյալներին կոչ անել` ամուսնանալու միայն Տիրոջ մեջ (Ա Կոր. 7.39), այսինքն` նրանց հետ, ովքեր կիսում են իրենց քրիստոնեական համոզմունքները:

Համագործակցությունը հարգանքով է վերաբերվում այն ամուսնություններին, որտեղ միայն մի կողմն է պատկանում հավատքին` Պողոս առաքյալի խոսքերի համաձայն.
"Անհավատ ամուսինը սրբված է կնոջով, և անհավատ կինը սրբված է ամուսնով" (Ա Կորնթ. 7.14):

Համագործակցությունը պնդում է ամուսինների ցմահ հավատարմությունը և ամուսնությունը չբաժանելը` հիմնվելով Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի վրա.

"…Այն, որ Աստված միավորեց, մարդը թող չքանդի… Ով որ առանց պոռնկության պատճառի իր կնոջը արձակի և ուրիշին առնի, շնություն կանի: Եվ ով որ արձակվածին առնի, շնություն կանի" (Մատթ. 19.6-9):

Համագործակցությունը դատապարտում է ամուսնալուծությունը որպես մեղք, քանի որ դա բերում է ծանր տառապանքներ և’ ամուսիններին, և’ հատկապես երեխաներին: Ժամանակակից հասարակությունում ամուսնությունների զգալի մասը բաժանվում է, հատկապես երիտասարդների շրջանում: Կատարվածը միանգամայն ողբերգություն է դառնում տվյալ անհատների և ողջ ազգի համար:

Աստվածաշունչն ապահարզանի համար թույլ է տալիս միայն երկու հիմք`
- պոռնկությունը, որը պղծում է ամուսնության սրբությունը և քանդում է ամուսնական հավատարմության կապերը,
- անհավատ կողմի բաժանվելու ցանկությունը (Ա Կորնթ. 7.15):

Համագործակցությունն իր խնդիրն է տեսնում նրանում, որ ունեցած բոլոր հնարավորություններով պահպանի ամուսնության ամբողջականությունը և կանխի բաժանությունը: Հոգևոր սպասավորները նույնպես կանչված են զրույցներ անցկացնելու ամուսնանալ ցանկացողների հետ` բացատրելով նրանց որոշվող քայլի ողջ նշանակությունն ու պատասխանատվությունը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՆՈՋ ԵՎ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԵՐԸ
Ընտանեկան փորձը մարդուն օգնում է հաղթահարել եսասիրությունը և առողջ քաղաքացիության հիմքեր է գցում: Հատկապես ընտանիքում են ձևավորվում ճիշտ հարաբերությունները մտերիմների, որն էլ նշանակում է ընդհանուր առմամբ հասարակության հետ: Անհատականության ձևավորման գործում ընտանիքի դերը բացառիկ է, դրան չեն կարող փոխարինել սոցիալական այլ համակարգերը:

Ժամանակակից հասարակության համար լուրջ խնդիր է դարձել որբությունը կենդանի ծնողների առկայությամբ: Մանկատները համալրող, իսկ երբեմն էլ ուղղակի փողոցում հայտնվող լքված երեխաները հասարակության խորին հիվանդության կենդանի վկայությունն են: Այդպիսի երեխաներին հոգևոր, սոցիալական և նյութական օգնություն ցուցաբերելով` Համագործակցությունը միևնույն ժամանակ ուղղում է իր ջանքերը ընտանիքի ամրապնդման, ծնողների կողմից իրենց առաքելությունը կատարելու վրա, ինչը հնարավորություն կտա կանխել լքված երեխայի ողբերգությունը:

Նախաքրիստոնեական աշխարհում գոյություն ուներ ընկալում, որ կինը տղամարդու համեմատ ավելի ցածր դիրքում է գտնվում: Քրիստոսի Եկեղեցին ամբողջությամբ բացահայտել է կնոջ արժանապատվությունն ու բարձր կոչումը: Եկեղեցում կինը ակտիվ մասնակցություն ունի կազմակերպչական, քարոզչական, դաստիարակչական, միսիոներական, բարեգործական աշխատանքներում:

Բարձր գնահատելով կանանց դերը և ողջունելով նրանց քաղաքական, մշակութային և սոցիալական իրավահավասարությունը տղամարդկանց հետ` Համագործակցությունը միաժամանակ չի արդարացնում կնոջ` որպես ամուսնուհու և մոր դերի ցածրացման միտումը:

Տղամարդն ու կինը Աստծո և հասարակության առջև հավասար են իրենց արժեքավորմամբ, բայց դա չի վերացնում նրանց բնական տարբերությունը և չի դարձնում նրանց կոչումը միանման ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակությունում: Համագործակցությունը կնոջ կոչումը տեսնում է ոչ թե տղամարդուն ուղղակի նմանվելու և նրա հետ մրցակցելու, այլ Տիրոջ կողմից կնոջը տրված կարողությունների զարգացման մեջ:

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ
Համագործակցությունը կոչ է անում բարոյական մաքրության: Սեռական սանձարձակություններն անխուսափելիորեն քայքայում են մարդու կյանքը` ծանր հարված հասցնելով նրա հոգեկան և ֆիզիկական առողջությանը: Առևտրային, սեռական կամ այլ նպատակներ հետապնդող սեռական հակումների շահագործում հանդիսացող պոռնոգրաֆիան նպաստում է հոգևոր և բարոյական անկմանը` դրանով իսկ մարդուն իջեցնելով մինչև անասնական մակարդակի, որն առաջնորդվում է միայն բնազդով:

Հասարակական արատների քարոզչությունը հատկապես վնաս է հասցնում երեխաների և դեռահասների չհաստատված հոգիներին: Համագործակցությունը կոչ է անում հավատացյալներին համագործակցել բոլոր բարոյապես առողջ ուժերի հետ և ընդդիմանալ այդ սատանայական գայթակղության տարածմանը, որը քայքայում է ընտանիքներն ու կործանում հասարակության հիմքերը:

"Ով կնոջը կնայի նրան ցանկանալու համար, արդեն նա իր սրտի մեջ շնություն արեց նրա հետ" (Մատթ. 5.28)
:
"Ցանկությունը հղանալով մեղք է ծնում, և մեղքը, որ կատարվի, մահ կծնի" (Հակ. 1.15):
"Պոռնիկները… Աստծո Արքայությունը չեն ժառանգի" (Ա Կորնթ. 6.9, 10):

Համագործակցությունն ամենևին էլ կոչ չի անում զզվել մարմնից կամ սեռական մերձեցումից որպես այդպիսին: Աստված օրհնում է սեռական հարաբերությունները ընտանիքում, որտեղ դրանք դառնում են սիրո և կնոջ ու տղամարդու միաբանության արտահայտում, մարդկային սերնդի շարունակության աղբյուր:

Համագործակցությունն անփոփոխ կերպով դատապարտում է պոռնկությունը և, այսպես կոչված, ազատ սիրո քարոզչությունը, որոնք տղամարդու և կնոջ միջև մաքուր հարաբերությունները, ինչպես նաև հենց մարդկային մարմինը վերածում են ստոր շահագործման և առևտրի, եսասիրական ու պիղծ բավարարության առարկա:

Գիտակցելով, որ դպրոցը ընտանիքի հետ մեկտեղ պետք է երեխաներին և դեռահասներին որոշակի գիտելիքներ տա սեռերի հարաբերությունների և մարդու մարմնական բնության մասին, Համագործակցությունը չի կարող աջակցել "սեռական լուսաբանության" այն ծրագրերը, որոնք նորմ են ընդունում արտամուսնական կապերը, առավել ևս` տարբեր այլասերությունները: Միանգամայն անընդունելի է աշակերտներին նման ծրագրով ուսման պարտադրումը: Դպրոցը կանչված է դիմակայելու արատին, դաստիարակելու բարոյական անձ, որը պատրաստ կլինի կառուցելու հավատարմության և մաքրության վրա հիմնված ամուր ընտանիք:

Комментариев нет:

Отправить комментарий