Страницы

понедельник, 2 января 2012 г.

Գլուխ 8 - ՄՇԱԿՈՒՅԹ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ
Ժամանակակից գիտությունը (հումանիտար և բնական) գտնվում է զարգացման բարձր մակարդակի վրա: Գոյություն ունի թյուր համոզմունք, որ գիտությունը կարող է զարգանալ հոգևոր-բարոյական սկզբունքներից անկախ: Մարդկային նորմալ կյանքի վերածննդի համար հարկավոր է վերադառնալ գիտական իմացության ու հոգևոր արժեքների կորսված կապին:

Գերմանացի ֆիզիկոս, 1954 թվականի Նոբելյան դափնեկիր Մաքս Բորնն իր "Իմ կյանքը և հայացքները" գրքում գրում է. "Դեռ ոչ ոք միջոցներ չի գտել մարդկային հասարակության կայունության համար` առանց ավանդական էթիկական սկզբունքների օգնության, և ոչ ոք չգիտի, թե գիտական մեթոդներով ինչպես պետք է հիմնավորել ավանդական էթիկական նորմերը": Այնուհետև նա շարունակում է. "Քրիստոսը սովորեցնում էր, թե մարդն ինչպես պետք է վերաբերվի մարդուն":

Մեր համոզմամբ` Աստծո նկատմամբ հավատքը բարոյական նորմերի համակարգի համար կայուն և անփոփոխ հիմք է ստեղծում: Անգամ աթեիստական բարոյական դաստիարակության շատ հիմունքներ փոխառված էին Աստվածաշնչից:

Ռացիոնալիզմի և աթեիզմի կողմից գիտության և հավատքի միջև հակասության գաղափարախոսության շեշտադրման նպատակը մարդկային կյանքից ու պրակտիկայից կրոնի և  հավատքի վերացումն  է եղել:

Մինչդեռ գիտությունն ու մշակույթն իրենց առաջացման համար պարտավոր են կրոնին. դրանք կյանք են ստացել նրա ներսում դեռևս վաղ ժամանակներում, կային և գոյություն ունեն մինչ այսօր, կապված են սերտ կապերով և համագործակցում են միմյանց հետ: Գիտությունն ու փիլիսոփայությունն առաջացել են աշխարհի հանդեպ կրոնական հայացքներն իմաստավորելու փորձերից:
Միջին դարերում Եկեղեցին մնացել էր միակ մշակութային օջախը Եվրոպայում, որ պահպանել էր անտիկ գիտության սերմերը:

Վանական միաբանությունները հավաքում էին հնագույն գրականությունը` իրենց պատերի ներսում համատեղելով այդ դարաշրջանի գիտության բոլոր գանձերը:

Մենք կարող ենք համոզված լինել հետևյալում.
ա) Պատմության գրեթե ողջ ընթացքում կրոնն ու գիտությունը կարող էին ազատ զարգանալ` առանց խոչընդոտելու միմյանց: Գիտությունն ուսումնասիրում է, այսպես կոչված, տեսանելի աշխարհը: Նրա ուսումնասիրության առարկան նյութական տիեզերքն է: Իսկ կրոնը հոգևոր ձգտումն է դեպի գերբնական աշխարհ, որը շատ հաճախ անհասանելի է գիտական մեթոդներով: Գիտության համար ոչ նյութական ոլորտը մնում է փակ: Հետևաբար, գիտնականը պետք է շատ զգույշ լինի ոչ նյութական ոլորտի վերաբերյալ փիլիսոփայական համոզմունքներում և հիմնվի իրեն հայտնի փաստերի վրա:
բ) Կրոնական միտքը հաճախ է օգտագործում գիտական մեթոդները կրոնական բնազդային փորձը բացահայտելու և իմաստավորելու համար: Դա հիշատակվում է Աստվածաշնչում.
"Ինչ որ Աստծո մասին պետք է իմանալ` իրենց մեջ հայտնի է, որովհետև Աստված նրանց հայտնեց: Քանզի աներևույթ բաները աշխարհի սկզբից ստեղծվածներով կիմացվեն, կտեսնվեն, այսինքն Իր մշտնջենավոր զորությունը ու աստվածությունը…" (Հռոմ. 1.19, 20):
գ) Ճիշտ այդպես գիտությունը կարող է զարգանալ կրոնական աշխարհայացքի և հայտնության հովանու ներքո: Շատ գիտական հայտնագործություններ` ենթադրաբար ծնված և առաջացած որպես բնազդային մտածողության արգասիք, հանդիսանում են աստվածային հայտնության արդյունք:

Անհրաժեշտ է հատուկ նշել, որ լոկ բնագիտության փաստերի վրա կառուցված "գիտական աշխարհայացք" գոյություն չունի: Կյանքի, բարու և չարի նշանակության բարձրագույն կատեգորիաները վերաբերում են հավատքի ոլորտին: Կրոնը մարդուն տալիս է գիտելիք այն մասին, թե ինչի համար է նա ապրում: Գիտությունը չի կարող պատասխանել այս հարցին, այն ուղղակի փորձում է հասկանալ` ինչպես է ստեղծված նյութական աշխարհը: Գիտության ուսումնասիրման ոլորտը մեծ մասամբ գաղափարի ոլորտն է: Բայց մարդը չի կարող և չպետք է սահմանափակի իրեն միայն այդ  ոլորտով: Կրոնական աշխարհայացքը մի ամբողջական շրջան է, որում գտնվում է մարդկային ողջ կյանքը` ներառյալ գիտության ծարավը, բնական աշխարհի գիտական փորձառությունները:

Բարոյական արժեքների հանդեպ գիտնականի անտարբերությունը մեծ վտանգի աղբյուր կարող է դառնալ հասարակության համար: Մաքս Բորնը նույն գրքում գրում է. "Դրա համար բավական կլիներ ամբողջ լրջությամբ վերաբերվել Քրիստոսի ուսմունքին և չարն ու բարին չափել ոչ թե ազգային, այլ համամարդկային չափով: Պատմության մեջ դեռ երբեք այս պահանջն այսքան ստիպողական չի եղել, դեռ երբեք այն կատարելուց հրաժարվելու դեպքում պատիժն այսքան ակնհայտ չի եղել": Այսպիսով` գիտությունն ու կրոնը` իրականության բացահայտման այս երկու ուղիները, չպետք է միմյանցից անկախ ոլորտներ լինեն, նրանք պետք է նպաստեն մարդկության ընդհանուր առաջընթացին դեպի ճշմարտության ուղին: Մենք գտնում ենք, որ գիտությունը և հավատքը մարդկային էության, կյանքի և գործունեության իրարից տարբերվող, սակայն միմյանց չհակասող և փոխադարձ լրացնող ոլորտներին են վերաբերում, և դրանց ներդաշնակ ու ազատ  զարգացումը կենսական նշանակություն ունի մարդկության համար:

Միևնույն ժամանակ, չնայած քրիստոնեության և գիտական հետազոտությունների համագործակցության դրական ազդեցությանը` ներկայումս ավելի շատ խորացումներ են նկատվում դեպի աշխարհականացված գաղափարախոսությունների գիտություն:

Գիտությունը դուրս է գալիս հոգևոր ազդեցության տիրույթից և խզում է կապը հոգևոր-բարոյական արժեքների հետ, ինչն էլ ծանր հետևանքների է հանգեցնում, ինչպիսիք են, օրինակ` էկոլոգիական ճգնաժամերը: Նման բացասական հետևանքները կաճեն ժամանակակից հասարակության գիտատեխնիկական զարգացման հիմքում դրված սխալ սկզբունքի պատճառով: Այդ սկզբունքը հիմնվում է կանխամտածված որոշման վրա, որ հասարակության զարգացումը չպետք է սահամանափակված լինի որևէ բարոյական, փիլիսոփայական կամ կրոնական պահանջով: Սակայն նման "ազատության" պարագայում գիտատեխնիկական զարգացումը հայտնվում է մարդկության արատների` փառասիրության, հպարտության, շահասիրության և առավել հարմարավետության իշխանության ներքո: Դա խախտում է կյանքի հոգևոր ներդաշնակությունը` այստեղից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Այսօր մարդկային կանոնավոր կյանքն ապահովելու համար անհրաժեշտ է վերադառնալ դեպի գիտության և հոգևոր-բարոյական արժեքների կապին:

Եկեղեցին զգուշացնում է մարդուն` գիտությունը որպես բարոյական սկզբունքներից միանգամայն անկախ ոլորտ դիտարկելու գայթակղությունից: Կյանքի ավետարանական նորմերը հնարավորություն են տալիս անհատին դաստիարակելու այնպես, որ նա ստացած գիտելիքները չօգտագործի որպես չարիք: Եկեղեցին և գիտությունը կանչված են համագործակցելու հանուն երկրի վրա կյանքի փրկության և անհրաժեշտ կենսամակարդակի ապահովման:

Եկեղեցին նախազգուշացնում է` չփորձել մարդու ներաշխարհի վրա հսկողություն սահմանել` օգտագործելով գիտության և տեխնիկայի նվաճումները, ներշնչման և մարդկային գիտակցության ու ենթագիտակցության մենաշնորհման ինչ-որ տեխնոլոգիաներ ստեղծելը, քանի որ յուրաքանչյուր մարդ պատկանում է միայն Տեր Աստծուն և Նրա անգին սեփականությունն է: Այդ պատճառով Եկեղեցու տեսանկյունից կենսաբուժության շատ տեխնոլոգիաներ ու փորձառություններ անթույլատրելի են: Նկատի ունենք արհեստական վիժեցումը, մարդու կլոնավորումը, էվթանազիան, սեռի փոփոխումը և այլն:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՆԴԵՊ
Մշակույթը հասարակական կյանքի անբաժանելի մասն է: Աստված մարդու մեջ դրել է հսկայական ստեղծագործական ներուժ: Դրանով է բացատրվում ազգերի մշակութային հսկայական ձեռքբերումները և դրանց բազմազանությունը:

Արվեստի լավագույն ստեղծագործություններն ընդունակ են ուղղորդել մարդու միտքը և զգացմունքները հոգևոր բարձրագույն արժեքներին, նպաստել Աստվածորոնմանը:

Հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը բավականաչափ հարուստ է և արժանավայել տեղ է գրավում համաշխարհային մշակույթի գանձարանում:

Այնուամենայնիվ, մշակույթն ինքնին ի զորու չէ արմատախիլ անել մարդու մեղանչական բնույթը և նրան հասցնել հոգևոր վերածննդին: Չնայած մարդու վիթխարի ստեղծագործական ներուժին, հատկապես գեղեցիկի ստեղծման գործում տաղանդավոր և հանճարեղ մարդկանց մեջ դրա ցայտուն դրսևորմանը, նրան զերծ չի պահել թուլություններից և մեղանչականությունից: Այդ պատճառով մշակույթի որոշ երևույթներ (հատկապես ժամանակակից) արտահայտում են այնպիսի արժեքներ և տեսակետներ, որոնք  խորթ են քրիստոնեությանը, երբեմն նույնիսկ թշնամական են նրան, ինչը չի կարող չմտահոգել մեզ:

Ժամանակակից շահադիտական արվեստի ջատագովները ստեղծագործական գործընթացն իջեցրել են փեշակի մակարդակի, որտեղ հաջողությունը չափվում է ոչ թե որակով, այլ` շահութաբերությամբ:

Շահեկան գործարքները մշակույթի որոշ գործիչների հասցրել է այն բանին, որ իրենց ընդունակությունը ծառայեցնեն մարդկային ցանկությունների, դաժանության և սարսափի քարոզմանը:

Այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք նպաստել արվեստի մեջ քրիստոնեական արժեքների ներթափանցմանը և հաստատմանը: Մենք ողջունում ենք մշակույթի քրիստոնեական գործիչների գործունեությունը` պայմանով, որ դրանք երբեք դուրս չեն գա քրիստոնեական հավատի և բարոյականության շրջանակներից:

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ

Քրիստոնյա անհատի կատարյալ, ներդաշնակ և ինտելեկտուալ զարգացման հարցերում Աստծո և պետության առջև մեր ունեցած պատասխանատվությունը գիտակցելով` մենք խրախուսում ենք աշխարհիկ և հոգևոր կրթության բոլոր տեսակների տիրապետումը:

Կրթության բովանդակությունը պետք է միտված լինի մարդկանց, ժողովուրդների, տարբեր ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական և սոցիալական խմբերի միջև փոխըմբռնմանն ու համագործակցությանը, հաշվի առնի աշխարհայացքային մոտեցումների տարբերությունները:

Համագործակցությունն անթույլատրելի է համարում ուսումնական հաստատություններում բռնության, թշնամության և ատելության, ազգային, սոցիալական ու կրոնական թշնամանքի քարոզչությունը: Անհանդուրժելի է նաև աշխարհիկ կրթական հաստատություններում որևէ կրոնի ներկայացումը որպես միակ ընդունելի կամ միակ ճշմարիտ:

Փաստորեն, մարդկության պատմության մեջ հիմնարար և կիրառական գիտությունների հայտնագործությունների զգալի մասը կատարվել են հոգևոր ծառայողների և հավատացյալ գիտնականների կողմից: Այդուհանդերձ, հետևելով բազմադարյա ավանդությանը` Համագործակցությունը հարգում է աշխարհիկ դպրոցը և պատրաստ է կառուցել իր փոխհարաբերությունները նրա հետ` ելնելով աշխարհիկ կրթության ազատության ճանաչումից: Միևնույն ժամանակ, Համագործակցությունը անընդունելի է համարում սովորողների հանդեպ մտածված կերպով գործադրվող պարտադրանքը` ընդունելու հակակրոնական ու հակաքրիստոնեական գաղափարները և աշխարհի հանդեպ մատերիալիստական հայացքների մենաշնորհի պնդումը: Նա նախազգուշացնում է մերժել օկուլտային, նեոհեթանոսական ազդեցությունների վտանգի ներթափանցումը դպրոց: Ուսուցիչները երեխաներին հատուկ կարգապահություն սովորեցնելու հետ մեկտեղ պետք է խրախուսեն նրանցում ճշմարտության, բարոյականության, մերձավորի և հայրենիքի հանդեպ սիրո ձգտումը:

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնեական կրթությունը Համագործակցությանն անդամակցող եկեղեցիների անբաժանելի մասն է կազմում: Տեր Հիսուս Քրիստոսը հավատացյալներին մեծ պատվիրան է տվել.
"Ուրեմն գնացե’ք բոլոր ազգերը աշակերտեցե’ք, մկրտե’ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե’ք նրանց, որ այն բոլոր բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի: Ահա ամեն օր Ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը: (Մատթ. 28.19, 20):

Պայմանականորեն քրիստոնեական կրթությունը կարելի է բաժանել պաշտոնականի և ոչ պաշտոնականի: Վերջինին են պատկանում եկեղեցական ծառայության տարբեր տեսակները` ջրի մկրտության պատրաստությունը, տնային փոքր խմբերը, սեմինարները, տարբեր մակարդակների համաժողովները և այլն:

Քրիստոնեական պաշտոնական կրթությունն իր մեջ ներառում է ուսումնական ծրագրերը, որոնց նպատակն է հոգևոր ծառայողների և շարքային անդամների աստվածաբանական գրագիտության մակարդակի բարձրացումը` համապատասխան վկայականների և դիպլոմների վավերացումներով:

Քրիստոնեական պաշտոնական կրթության ծրագրերը կազմվում են` հաշվի առնելով երկրի և համաշխարհային կրթական համակարգի համընդհանուր պահանջները` որոշակի ոլորտում (աստվածաբանություն, հովվական խնամատարություն, երաժշտական ծառայություն և այլն) մասնագիտական պատրաստության բակալավրի և մագիստրոսի աստիճանի շնորհմամբ: Քրիստոնեական պաշտոնական կրթության խնդիրն է յուրաքանչյուր քրիստոնյայի տալ այնպիսի որակավորում, որը նրան թույլ կտա արդյունավետ կերպով գործել Եկեղեցու համար:

Комментариев нет:

Отправить комментарий