Страницы

понедельник, 2 января 2012 г.

Գլուխ 13 - ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԻԺ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր մարդ պետք է լինի իր պետության օրինապահ քաղաքացին:
"Ամեն մարդ իր վրա եղած իշխանություններին թող հնազանդվի" (Հռոմ. 13.1):

Հանցագործությունը պետության օրենքների խախտումն է: Հանցագործությունները մարդկային մեղքի հետևանքներ են: Մեղքը մարդու սրտում և հոգում կատարվող խորը ընթացքն է, և ոչ միայն պետության կողմից սահմանված բարոյական նորմերի կամ քրեական օրենսգրքի հոդվածների խախտումը:

"Որովհետև սրտից են ելնում չար խորհուրդները, սպանությունները, շնությունները, պոռնկությունները, գողությունները, սուտ վկայություններն ու հայհոյությունները: Սրանք են, որ պղծում են մարդուն" (Մատթ. 15.19):

Հանցագործության աճին նաև նպաստում են օրենսդրության անկատարությունը, տնտեսական և սոցիալական թույլ բազան: Պետությունում հանցավորության դեմ պայքարի համար ստեղծված են իրավապահ մարմիններ և հատուկ հաստատություններ, որոնց նպատակն է հանցագործությունների կանխումը և հետախուզումը, ինչպես նաև հանցագործություն կատարող անձանց պատժելն ու վերադաստիարակելը: Հանցագործությունն արմատապես վերացնելը ոչ միայն պետության, այլ նաև Համագործակցության կարևորագույն խնդիրն է:

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Հանցագործությունը կանխելու հարցում Համագործակցությունը նախ և առաջ տեսնում է ազգի հոգևոր վերածնունդը, հոգևոր արժեքների պատվաստումը, հոգևոր-բարոյական դաստիարակությունը և լուսաբանումը: Դրա համար հարկավոր է ստեղծել քրիստոնեական ուսումնական հաստատություններ` պետական ուսումնական հաստատությունների հետ համատեղ պտղաբեր համագործակցությամբ: Անհրաժեշտ է նաև ստեղծել քրիստոնեական զանգվածային լրատվության միջոցներ: Հարկավոր է համագործակցել պետության հետ հանցագործության կանխարգելման հարցերի շուրջ: Վախի, բռնության և պատժի ոչ մի միջոց ի զորու չէ արմատախիլ անել չարությունը մարդու սրտից: Հենց այդ պատճառով էլ Ավետարանի քարոզչությունը, ազնիվ և արժանապատիվ կյանք վարելը հանդիսանում են օրինազանցության կանխման գործուն ձևը:

Ավետարանական հավատքի քրիստոնյաները հատուկ ուշադրություն են դարձնում, այսպես կոչված, ռիսկի խմբերին` թմրամոլներին, անտուններին, խնամազուրկ երեխաներին և այլն, որոնց շրջանում է առավել հնարավոր հանցագործության առաջացումը: Համագործակցության կողմից ստեղծվող վերականգնողական կենտրոնների գործունեությունը նույնպես պետք է ուղղված լինի հանցավորության սոցիալական պատճառները հաղթահարելուն: Ավետարանական հավատքի քրիստոնյաները դրանում մեծ փորձ ունեն և պատրաստ են այդ ուղղությամբ համագործակցել պետական համակարգերի հետ:

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՊԱՏԺԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Կատարված հանցանքը ենթադրում է արժանի և արդարացի պատիժ: Համագործակցությունը պնդում է այն, որ հետաքննության ենթակա անձանց իրավունքները չպետք է խախտվեն, նրանց անհրաժեշտ է երաշխավորել պաշտպանություն և անկաշառ դատավարություն: Համագործակցությունը դատապարտում է հետաքննության ենթակա անձանց հանդեպ ճնշման փորձերը, ինչպես նաև ստորացումն ու կտտանքները, ինչ եղանակով էլ դրանք իրագործվեն:

Հանցագործին կալանքի տակ վերցնելը ենթադրում է ոչ միայն նրան մեկուսացնելը հասարակությունից, այլ նաև նրան ուղղելը: Ազատազրկման վայրերում գտնվող անձանց վերադաստիարակման գործում պետական մարմիններին էապես կարող է աջակցել հենց Համագործակցությունը: Դատապարտյալներն Աստծո Խոսքը լսելու և Նրա սերը զգալու ուրիշ հնարավորություն չունեն, եթե ոչ հոգևոր ծառայողի միջոցով: Այդ նպատակով մենք մշտապես պատրաստ ենք համագործակցել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հետ: Անընդմեջ եկեղեցական ծառայությունները, դատապարտյալներին իրենց մեկուսացման պատճառների և Աստծուն հավատալու միջոցով առողջ ապրելակերպին դառնալու ճանապարհների բացատրությունը, հոգևոր գրականության տարածումը, նրանց հետ նամակագրությունը և նմանատիպ գործերը Ավետարանական հավատքի քրիստոնյաները համարում են նաև իրենց հոգսը, որի նպատակն է սայթաքած մարդու մտածելակերպի նորոգումն ու նրա բարոյական առողջացումը:

Ազատազրկման վայրերում առավել արդյունավետ աշխատանքի համար հարկավոր է հոգևոր սպասավորների հատուկ նախապատրաստությունն ու նրանց ամրակայումը յուրաքանչյուր ուղղիչ հաստատությունում:

Համագործակցությունն իր խնդիրը տեսնում է նաև ազատազրկման վայրերում գտնվող անձանց կենսապայմանների բարելավման գործում պետությանը սատարելու մեջ:

Իրավապահը պարտավոր է ապահով կերպով պաշտպանել քաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից և ամուր պատնեշ դնել հանցագործի ճանապարհին: Հանցագործը պետք է իմանա, որ յուրաքանչյուր հանցանքին անխուսափելիորեն հետևելու են համարժեք պատժամիջոցներ:

Ցավոք, ազատազրկման վայրերում գտնվելու ընթացքում շատ քաղաքացիներ կորցնում են իրենց սոցիալական արմատները, իրենց ընտանիքը: Այդպիսի անձանց վերականգնումը հնարավոր է Համագործակցության կողմից ստեղծվող վերականգնողական կենտրոններում:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Համագործակցությունը ձգտում է ցուցաբերել հատուկ հոգածություն պետությունում հանցավորության կանխարգելման հարցում (Ա Հովհ. 5.18):

Հարգելով խնամատարների, իրավապահ մարմինների աշխատակիցների, արդարադատության նախարարության մասնագետների աշխատանքը` Համագործակցությունը պատրաստ է փոխգործակցել նրանց հետ և օգտակար լինել նրանց: Այդպիսի օժանդակությունը կարող է իրագործվել տարաբնույթ համատեղ նախագծերում, ինչպիսիք են` վերականգնողական կենտրոնների ստեղծումը, գիտամշակութային միջոցառումների կազմակերպումը, նաև գրականության ու արվեստի դերակատարությունը:

Քրիստոնեության հիմնական առաքելությունն Աստծո Արքայության Ավետարանի քարոզչությունն է աշխարհում (Մարկ. 16.15): Փոխգործակցությունն իրավապահ մարմինների, արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի հետ կարող է կառուցվել համատեղ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա:

Միայն եկեղեցիների և պետության միասնական ջանքերը կօգնեն շատ մարդկանց` թողնելու հանցավոր ուղին և վերադառնալու լիարժեք կյանքի հանուն Հայաստանի բարօրության:

Комментариев нет:

Отправить комментарий