Страницы

понедельник, 2 января 2012 г.

Գլուխ 5 - ԵԿԵՂԵՑԻՆ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ժողովրդավարական հասարակությունների մեջ իշխանությունների ձևավորման և հույժ կարևոր ազգային խնդիրների նկատմամբ քաղաքացու կամքի արտահայտման հիմնական միջոցներն են ընտրությունը և հանրաքվեն: Սույն Համագործակցությունն իր անդամների շրջանում որևէ անձի կամ կուսակցության օգտին քվեարկելու քարոզչություն չի իրականացնում: Համագործակցության անդամները` որպես ՀՀ քաղաքացիներ, առաջնորդվելով իրենց խղճի թելադրանքով, սեփական համոզմունքներով և հայացքներով, մասնակցում են ընտրություններին` քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

Եկեղեցին տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց կոչ է անում խաղաղության և համերաշխության: Համագործակցության անդամները` ծառայողները, այցելուները, կարող են ունենալ քաղաքական տարբեր համոզմունքներ, բացառությամբ այնպիսիները, որոնք հստակ տանում են Համագործակցության ուսմունքներին և քրիստոնեական բարոյականությանն ակնհայտորեն  հակասող գործողությունների:

Եկեղեցու բարձրաստիճան հոգևոր ծառայողները չեն կարող մասնակցել քաղաքական կազմակերպությունների գործունեությանը, նախընտրական գործընթացներին, ինչպիսիք են` քաղաքական կազմակերպություններին կամ առանձին թեկնածուներին բացահայտ աջակցելը, նրանց օգտին քարոզչությունը և այլն: Նրանք չեն կարող նաև առաջադրել իրենց թեկնածությունը ցանկացած մակարդակի ընտրություններում: Միևնույն ժամանակ ծառայողներին և այցելուներին ոչինչ չպետք է խոչընդոտի մյուս քաղաքացիների հետ համահավասար մասնակցելու քվեարկությանը:

Սույն Համագործակցությունը կուսակցություններ չի ստեղծում:

Քաղաքական կուսակցությունների գործունեության մեջ և նախընտրական գործընթացներում Համագործակցության մասնակցության առարկումն ամենևին չի նշանակում, որ նա չի կարող բացահայտ արտահայտել իր դիրքորոշումը հասարակական կարևորության հարցերի վերաբերյալ և իր մոտեցումները ներկայացնել կառավարական մարմիններին: Նման դիրքորոշումը Համագործակցության անունից արտահայտում են Համագործակցության ղեկավարությունը և նրա լիազորված անձինք:

Ոչինչ չի արգելում հավատացյալներին` ներգրավված լինելու իշխանության օրենսդրական, գործադիր և դատական ճյուղերում, ինչպես նաև քաղաքական կուսակցություններում:

Հավատացյալները` որպես քաղաքացիներ, կոչված են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը, մասնակցելու բոլոր մակարդակների իշխանությունների ընտրություններին: Պետական կամ քաղաքական գործունեություններում մասնակցություն ունեցող հավատացյալներն անհատապես կամ տարբեր կազմակերպությունների շրջանակներում դա անում են ինքնուրույն` առանց նույնացնելու իրենց դիրքորոշումը Համագործակցության դիրքորոշման հետ և ելույթ չունենալով նրա անունից: Բացի այդ, Համագործակցությունը չի տալիս իր հատուկ օրհնությունը հավատացյալների քաղաքական գործունեությանը:

Սույն Համագործակցությունը կողմ է հասարակական բոլոր այն գործընթացներին, որոնք նպաստում  են ազգային համերաշխությանը  և հասարակական բոլոր խնդիրներում փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը:

Մենք ընդունում ենք, որ`
- բարեպաշտ, բարոյական և առաքինի մարդիկ կարող են տարակարծիք լինել քաղաքական և սոցիալական հարցերում,
- մենք` որպես քրիստոնյաներ, կարող ենք ծառայել մեր հասարակության և պետության բարօրությանը տարբեր համակարգերում` պահպանելով քրիստոնեական բարոյական նորմերը և եկեղեցու ու պետության տարանջատման սկզբունքը,
- հանդուրժողականության ձևավորումը, կառուցողական քննարկումների առկայությունը միաբանում են մարդկանց, բարելավում հասարակությունը և պահպանում կրոնական ազատությունը:

Մենք չենք ընդունում`
- հասարակական ինստիտուտները (կրթական, սոցիալական հաստատությունները, հասարակական միավորումներն ու քաղաքական կուսակցությունները) քաղաքացիների շրջանում որպես կրոնական հայացքների տարածման միջոցներ օգտագործելու փորձերը,
- քաղաքական և օրենսդրական գործընթացների վրա ազդելու այն փորձերը, որոնք ուղղված են երկրի քաղաքացիների` սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և ազատությունների ոտնահարմանն ու սահմանափակմանը,
- պետական հաստատությունների օգտագործումը հասարակությանը որևէ կրոնական առանձին հայացքներ պարտադրելու փորձերը,
- այն տեսակետը, ըստ որի` ով մեր հայացքների հետ համաձայն չէ, պետք է նրան համարել անբարոյական, անբարեպաշտ, հակառակորդ,
- հասարակությունը պառակտելու, կրոնական անհանդուրժողականություն, թշնամանք և ատելություն սերմանելու նպատակով քաղաքական գործընթացներն օգտագործելու մղումը:

Մեր հասարակության ցանկացած անձ թանկ է Աստծո համար` անկախ նրա հասարակական դիրքից: Որևէ անձի արժեքը չի որոշվում ըստ նրա համայնքային, կրոնական կամ քաղաքական հայացքների, ազգային կամ ազգակցական պատկանելության: Այդ կատեգորիաներով մարդկանց տարանջատումը բարոյալքում է հասարակությանը և բեկանում մարդկանց վստահությունը հասարակական ցանկացած գործընթացի նկատմամբ` օտարելով նրանց հանրային կյանքից:

Բոլոր մարդկանց հավասար հնարավորությունները, ինչպես նաև մարդկանց հավասարությունը օրենքի առջև` անկախ նրանց հասարակական դիրքից, այն երաշխիքն է, որի կենսական կարիքն ունեն բոլոր ժողովուրդները:

Աստված Ինքը մարդու համար ստեղծել է փրկության և Իր երկնային բարիքներից օգտվելու հավասար հնարավորություններ` ընտրության ազատ իրավունքը թողնելով նրան:

Комментариев нет:

Отправить комментарий