Страницы

понедельник, 2 января 2012 г.

Կտոր մը երկինք


Հայֆիլմի լավագույն ֆիլմերի շարքին դասվող "Կտոր մը երկինք" կինոնկարը քաջածանոթ է հայ հանդիսատեսին: Սա մի դժբախտ, որբ երեխայի պատմություն է, որը մերժված էր հասարակության կողմից: Ֆիլմի գլխավոր դերակատարի` փոքր Թորիկի դերում ընտրվեց Արմեն Կոյումջյանը: Ստորեւ ներկայացնում ենք նրա կյանքի հետաքրքրաշարժ վկայությունը:

"Կտոր մը երկինք" կինոնկարի նկարահանումների ժամանակ ես ընդամենը 6 տարեկան էի: Փոքր Թորիկն ինչ-որ առումով շատ նման էր ինձ: Ինչպես փոքր Թորիկին, այնպես էլ ինձ երջանիկ երեխա համարելը դժվար կլինի, որովհետեւ մենք երկուսս էլ տեսել ենք դառնություններ, ընտանեկան վիճաբանություններ, հիասթափություններ, լքվածություն եւ հուսահատություն: Հայրս հարբեցող էր եւ երեք անգամ դատապարտվել էր: Ճիշտ է, ես ունեի հոգատար մայր, բայց ընտանիքում հոր ներկայությունը շատ կարեւոր է տղա երեխայի համար: Ինձ համար շատ դժվար էր ինչ-որ բան փոխել եւ հաղթահարել հիասթափությունները, որովհետեւ ինքս ինձ անզոր էի զգում` գիտակցելով, որ այդ ամենը մարդկային կարողությունից վեր է:

Մի օր մանկությանս ընկերը հրավիրեց ինձ եկեղեցի: Հավաքույթի ժամանակ տեսա, թե ինչպես են մարդիկ փառաբանում Աստծուն, ուրախանում, բայց ինքս չէի կարողանում ուրախանալ: Այդպես էլ չկարողանալով ազատվել պրոբլեմներից` հեռացա Հայաստանից, մեկնեցի Լիբանան` փորձելով այլ երկրում գտնել իմ երջանկությունը: Որոշ ժամանակ անց եղբայրս ընտանիքով եկավ Լիբանան, որտեղ սկսեց հանցագործ կյանքով ապրել: Շուտով նրան կալանավորեցին: Ընտանիքի ամբողջ հոգսն ընկավ ինձ վրա: Ծնողներիս, եղբորս կնոջ եւ նրանց նորածին երեխայի հետ մենք տեղափոխվեցինք մի վատ թաղամաս, որովհետեւ ոչ փող ունեինք, ոչ աշխատանք: Փառք Աստծուն, այնտեղ հայ ընտանիքներ կային, որոնք օգնում էին մեզ: Ես ծանոթացա երաժիշտների հետ եւ սկսեցի նվագել: Դառնալով երաժիշտ` ֆինանսապես բարգավաճեցի, բայց հոգեպես միշտ ճնշված էի, չկար ոչ մի ուրախություն: Երկու անգամ ինքնասպանության փորձ կատարեցի, բայց բժիշկներին հաջողվեց փրկել կյանքս:

Շուտով ծանոթացա քրիստոնյաներ Սալբի Քելեշչյանի ու նրա ամուսնու հետ: 

Որոշեցի նրանց հետ եկեղեցի գնալ, սակայն Աստծո իրական վերապրումը չունենալով` չկարողացա հաստատվել հավատքի մեջ եւ իմ կյանքում ամեն բան ավելի բարդացավ: Սպառվել էին բոլոր ուժերս եւ հույսի ոչ մի նշույլ չկար: Այնքան հիասթափված էի, որ երրորդ անգամ փորձեցի ինքնասպանությամբ վերջ տալ կյանքիս: Բարեբախտաբար, այս անգամ էլ կենդանի մնացի:

Ի վերջո հասակացա, որ ինքնասպանությունը խնդիրներից ազատվելու ելք չէ եւ նորից որոշեցի գնալ եկեղեցի:

Մի անգամ Աստծո ծառայողներից մեկին խնդրեցի աղոթել ինձ համար: Աղոթքի ժամանակ տեսիլք տեսա, որ մի սեւ թռչուն դուրս թռավ իմ սրտից, եւ ես ազատագրվեցի ճնշող ծանրությունից: Թեթեւացած գնացի քնելու, իսկ առավոտյան զգացի, որ ուրիշ մարդ եմ դարձել, փոխվել է իմ մտածելակերպը, խնդիրները կարծես վերացել էին իմ կյանքից: Սկսեցի ավելի լուրջ նայել Աստծո Խոսքին: Հասկացա, որ մինչ այդ սխալ պատկերացում եւ վերաբերմունք եմ ունեցել Աստծո եւ հավատքի նկատմամբ: Ես անդադար աղոթում էի հարազատներիս համար եւ հավատքով սպասում աղոթքներիս պատասխանին:

Ժամանակի ընթացքում հայրս դադարեց խմել, եղբայրս, որ 14 տարի թմրադեղեր էր ընդունում, հրաշքով ազատագրվեց թմրամոլությունից եւ այժմ հաջողակ գործարար է: Աստծո մեջ մենք գտանք սեր, ուրախություն, խաղաղություն եւ երջանկություն:

Վերջում ցանկանում եմ ասել, որ այն կյանքը, որ Աստված պարգեւել է մեզ, անգին գանձ է եւ ոչ մի դեպքում դա չի կարելի կորցնել:





Արմեն Կոյումջյան, 38 տարեկան
Լիբանան
 

Комментариев нет:

Отправить комментарий