Страницы

воскресенье, 19 августа 2012 г.


Իլյուզիայի առեւանգումը

Իլյուզիայի առեւանգումը12:50 - 07.08.2012
Եվ այսպես, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը հայտնվել է մութ պատմության կիզակետում: Նա ՀՀ կառավարության անունից Ֆրանսիայի եւ այլ երկրների թեմերի ղեկավարներից պահանջել է տեղեկություններ ՀՀ քաղաքացիների մասին: Մամուլն ուզում է հասկանալ՝ իրավաչա՞փ է կաթողիկոսի այս հրամանը: Բայց խնդիրը դրա իրավաչափությունը կամ օրինական լինելը չէ: Նաեւ այն չէ խնդիրը, որ եկեղեցին անջատ է պետությունից: Կաթողիկոսը փորձել է հոտի հաշվառում անել ՀՀ կառավարության անունից: Ճիշտ է, ինքն անկասկած հերքելու է մամուլում տեղ գտած տեղեկությունը, կամ հերքելու են նրա անունից: Խնդիրը բնավ կաթողիկոսը չէ, հավատացե'ք: Խնդիրը կառավարությունն է:

Ինչի՞ կամ ու՞մ տեղն է դրել Տիգրան Սարգսյանը Գարեգին 2-րդին: Կաթողիկոսն, իհարկե, լավ բան չի արել կառավարության խնդրանքը կամ հանձնարարականը թեմերի առաջնորդներին փոխանցելով: Սակայն Տիգրան Սարգսյանն իր հանձնարարականով լեգիտիմացրել է կրոնական այլ կազմակերպությունների գործունեությունը մեր երկրում: Վարչապետը եւ նրա թիմակիցներն այսուհետեւ չեն կարող ասել, թե Հայ Առաքելական եկեղեցին հատուկ կարգավիճակ ունի մեր երկրում: Մենք արդեն ուրվագծում ենք, թե այդ ինչ հատուկ կարգավիճակ է տրված եկեղեցուն: Դա կարգավիճակ չէ, այլ՝ ծառայություն ծառայության դիմաց: Այդ կարգավիճակը հոգեւոր գործունեության հետ կապ չունի: Նշանակում է` պետք է լինեն կրոնական կառույցներ, որոնք կիրականացնեն կամ պետք է իրականացնեն այդ գործունեությունը: Որովհետեւ այսպիսի աշխարհիկ հանձնարարականը, նախ եւ առաջ, ահազանգ է Առաքելական եկեղեցու հետեւորդներին նոր կրոնական հենակետ փնտրելու: Նշանակում է` վարչապետը,  նախ եւ առաջ, վիրավորել է մարդկանց կրոնական զգացումները (ուրախ կլինեի, եթե մարդիկ կրոնական զգացումները հոգեւոր զգացումների հետ չշփոթեն):

Երկրորդ, վարչապետը հայ ժողովրդին զրկել է հոգեւոր առաջնորդ ունենալու իլյուզիայից: Ըստ էության, նրա արածը մի մեծ հանցագործություն չէ, քանի որ հոգեւոր գործունեությունը նախ հոտի իլյուզիաների բավարարումն է: Բայց եթե դու նրան՝ հոտին, տվել ես այդ իլյուզիան, բարի եղիր լինել հետեւողական՝ թող նրան մնա իր իլյուզիան: Հոտը մի բան է, որն ինքն իրենով հենակետ չունի իր կրոնական պատասխանատվությունը խնամելու, նա ուզում է «շոշափել»այն մեկին, ում դեմքով խնամելու է իր կրոնական զգացումները:

Երրորդ, վարչապետը ցուցադրել է անհատական իր անլրջությունն Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ: Նա, ըստ էության, այդ հանձնարարականով, հրամանով կամ խնդրանքով կաթողիկոսին հասկացրել է, թե որն է իր ստանալիքը Հայ Առաքելական եկեղեցուց: Իշխանության մեջ լինելով, նա ի տես Հայաստանի եւ ի Սփյուռս աշխարհի ցույց է տվել, որ եկեղեցի ասելով, հասկանում է իշխանության մեկ այլ ճյուղ, կամ սպասավորի, որը պետք է ծառայություններ իրականացնի աշխարհիկ իշխանություններին ջրի երեսին մնալու համար: Այդպիսով, վարչապետը ցույց է տվել, որ եթե անգամ հավատում է Աստծուն, կաթողիկոսը նրա նոմինալ ներկայացուցիչը չէ: Նա, իհարկե, կաթողիկոսի հանդեպ ցուցաբերել է մի վերաբերմունք, որը մեր ժողովրդի մի հատվածի իրական վերաբերմունքն է, բայց նա դա արել է երկերեսանիորեն: Ի տես բոլորի` նա կաթողիկոսին ընդունում է որպես հայ ժողովրդի կրոնական առաջնորդ, բայց իր համար Գարեգին 2-րդը մի շարքային թիմակից է, որը գործ ունի անելու իշխանության համար:

  Ի դեպ, հետաքրքիր է, այս փաստը երբեւէ տեղ կգտնի՞ մեր դպրոցներում դասավանդվող «Հայ եկեղեցու պատմությունը» դասագրքի էջերում:
            
Սեյրան Հանոյան

Комментариев нет:

Отправить комментарий