Страницы

вторник, 7 августа 2012 г.

Աղմկահարույց միջադեպ. ի՞նչ կպատասխանի Մայր Աթոռը

Խելամիտ կլիներ նաև լսել Մայր Աթոռի պարզաբանումները: Թեև արդիական է դարձել պետություն-եկեղեցի հարաբերությունների վերանայման հարցը:
Քաղաքական սկանդալի կիզակետում է հայտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն. գաղտնազերծվել է կաթողիկոսի անունից Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյանի դիմումը Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արք. Ջաքարյանին։ Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» թերթը` նշելով, որ նամակով թեմերից պահանջում են տեղեկություններ տրամադրել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին, ընդ որում Գարեգին Բ-ն դա թեմերից պահանջել է՝ կառավարության անունից իրեն ուղարկված գրության համաձայն։
«Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որևէ մեկնաբանություն չունի այդ նամակի վերաբերյալ, սակայն օրվա ընթացքում կարձագանքի»,- Tert.am-ին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայր Հուսիկը: «Ուսումնասիրում ենք այդ հրապարակումը և ավելի ուշ հանդես կգանք պարզաբանմամբ»,- ասել է նա:
«Ժողովուրդը» գրում է, որ այսպիսով կառավարությունը Մայր Աթոռի վրա է դրել պետական մարմինների՝ ԱԳՆ-ի ու ԱԱԾ-ի գործառույթներ։
Կարծում ենք, սակայն, որ կարիք չկա այս ամենն օգտագործել Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնեության դեմ «արշավանք» սկսելու համար: Անկասկած` այս տեղեկատվությունն այն չէ, ինչ սպասում են ՀՀ քաղաքացիները Մայր Աթոռից` հաշվի առնելով Եկեղեցու պատմական դերակատարությունը: Բայց պետք է ընդունենք, որ այս ամենում ի հայտ է գալիս առավելապես անձերի և ոչ թե ընդհանուր վերցրած Եկեղեցու գործոնը: Իհարկե, խորհրդային տարիները որոշակի ժառանգություն են թողել, և բոլոր հետխորհրդային երկրներում գործող պատմական եկեղեցիները դեռևս շարունակում են բախվել նմանատիպ խնդիրների, բայց պետք չէ հոռետեսությամբ լցվել ապագա զարգացումների նկատմամբ: Ի վերջո, անհրաժեշտ եկեղեցական բարեփոխումները կարող են չուշացնել իրենց դրական արդյունքները:
Իսկ տվյալ միջադեպի առիթով խելամիտ կլիներ նաև որևէ խորը գնացող հետևություններ անելուց առաջ լսել Մայր Աթոռից ակնկալվող պարզաբանումները: Թեև միանշանակ է, որ արդիական է դարձել պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաիմաստավորման հարցը: Պետության և եկեղեցու տարանջատման սահմանադրական նորմն, ի վերջո, պետք է գործի իր իսկական նշանակությամբ` բացառելու համար պետության և եկեղեցու համագործակցությունն այնպիսի բնագավառներում, որոնք չեն բխում Եկեղեցու` որպես հոգևոր քրիստոնեական հաստատության, կոչումից և գործառույթներից: 

Комментариев нет:

Отправить комментарий