Страницы

четверг, 9 августа 2012 г.

Երաժշտական գործիքներ, որոնք առաջինն են ստեղծվել Տիրոջը փառաբանելու համար



Օրհնեցեք նրան շեփորի ձայնով: Օրհնեցեք նրան տավիղով ու քնարով: Օրհնեցեք նրան թմբուկով և պարով…


Երաժշտական գործիքներ եղել են դեռ շատ վաղուց: Աստվածաշնչում երաժշտությունից առաջին անգամ  Ծննդոց 4.21-ում է խոսվում, երբ ներկայացվում է Հոբալը՝ որպես քնարահարների և սրնգահարների հայր: Աստված ինքն է մարդկանց տաղանդ շնորհել, և Աստծո համար շատ կարևոր է երաժշտությունը: Մեր տեղեկություններն այն գործիքների մասին, որոնք գործածվել են այն ժամանակ, շատ սահմանափակ են: Եբրայեցիները երաժշտության միջոցով ցույց էին տալիս իրենց ուրախությունը (Ելք 15.20), տխրությունը (2 Մնաց. 35.25, Մատթ. 9.23), ինչպես նաև այն միջոց էր փառաբանության համար (Սաղմ. 150.3-5): Փողային գործիքներն ավելի շատ օգտագործվում էին պատերազմների և դրանց նախորդող կոչերի ժամանակ (Դատ.7.16; 4 Թագ. 11.14):
Քնար (լատիներեն՝ lyra) – լինում է ուղղանկյուն կամ կլոր: Լարերը նույն հավասարությամբ են ձգված, պատրաստվում էին ոչխարի բարակ աղիքից և ունեին ոչ բարձր նուրբ ձայն: Այս գործիքն ստեղծվել է շատ վաղուց և արդիական է մինչև այսօր: Ամենահին քնարը գտել են Ուր քաղաքում՝ պեղումների ժամանակ: Այս գործիքի մասին շատ է խոսվում Աստվածաշնչում: Շատ ուշագրավ է այն պատմությունը, թե ինչպես էր Դավիթը քնար նվագելով դուրս հանում Սավուղի մեջ մտած դևերին (1 Թագ. 26.23):
Տավիղ (Նեպել) – Լարային երաժշտական գործիք է, քնարի քիչ ավելի մեծ տեսակը: Այս երաժշտական գործիքը մեծ ճանաչում է գտել իր արձակած գեղեցիկ ձայնի շնորհիվ: Լարերը պատրաստված են եղել ոչխարի հաստ աղիքից, ուստի պետք է քնարից ավելի ցածր տոնայնություն և բարձր ձայն ունենար: Հին ժամանակներում տավիղը նվագում էին ձեռքով, քայլելու ժամանակ: Այս գործիքի մասին Աստվածաշունչում հիշատակվում է ավելի քան 20 անգամ: (1 Թագ. 10.5; Սաղմ. 150.3):
Թմբուկ (TOF) – Ձեռքի հարվածային գործիք է: Լինում էր մեծ կլոր և բարակ՝ մի կողմից կաշվեպատ, իսկ կողքերից ամրացված էին լինում երկաթներ: Այս գործիքն օգտագործում էին կանայք և ռիթմեր ստեղծում բթով և ցուցամատով, երբեմն հարվածում էին ամբողջ ձեռքով: Գործիքն օգտագործում էին տարբեր առիթների ժամանակ (Ծննդ. 31.27; Ելք 15.20; Ես. 24.8), հաճախ ուղեկցվում էին պարերով (Դատ. 11.34; 1 Թագ. 18.6): Ինչպես նաև օգտագործվում էր Աստծուն փառաբանելու ժամանակ (2 Թագ. 6.5; 1 Մնաց. 13.8; Սաղմ. 80.3, 150.4):
Փող – Թվոց 10.1-2. «Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց նրան. Քեզ համար երկու հատ կռածո արծաթից փող շինիր, ժողովրդին կանչելու համար և բանակները հավաքելու համար»: Այս գործիքն օգտագործում էին բանակային ճամբարներում՝ զինվորներին հավաքելու համար: Ուներ մոտ 45 սմ երկարություն: Այս գործիքի մասին Աստվածաշնչում հիշատակվում է բազմիցս:
Սրինգ - «Ապա կհասնես Աստծո Բլուրը, ուր փղշտացիների բերդապահ զորքն է, և երբ որ այնտեղի քաղաքը մտնես, բարձր տեղից իջնող մարգարեների մի խումբ կտեսնես, որոնք իրենց առաջին տավիղ, քնար, սրինգ ու թմբուկ ունեն և մարգարեություն են անում»: Այս գործիքի մասին հիշատակվում է մոտ 10 անգամ:
Շեփոր – երաժշտական գործիք, որն օգտագործում էին բարձր ազդանշանների համար: Գործիքը պատրաստում էին կենդանիների կոտոշներից, երբեմն նաև ոչխարի կոտոշից: Շեփորը նվագում էին՝ ծայրամասից ուժեղ սղմելով շրթունքներին: Կարողանում էր արձակել ընդամենը մի քանի ձայնային ազդանշաններ, որոնք լինում էին տարբեր տոնայնության և երկարության: Այս գործիքի մասին Աստվածաշունչը խոսում է 70-ից ավելի անգամ:
«Օրհնեցեք նրան շեփորի ձայնով: Օրհնեցեք նրան տավիղով ու քնարով: Օրհնեցեք նրան թմբուկով և պարով: Օրհնեցեք նրան թելավոր նվագարաններով և սրինգով: Օրհնեցեք նրան ձայնավոր ծնծղաներով: Օրհնեցեք նրան մեծաձայն ծնծղաներով: ԱՄԵՆ ՇՈՒՆՉ ՈՒՆԵՑՈՂ ԹՈՂ ՕՐՀՆԻ ՏԵՐԸ» (Սաղմ. 150.3-6):
Ներկայացրեց Դավիթ Նիազյանը
Աղբյուր՝ «Սերմնացան» ամսագիր

Комментариев нет:

Отправить комментарий