Страницы

среда, 1 августа 2012 г.

Նեոինկվիզիցիա կամ կրոնական օլիգարխիա

Սիրելինե՛ր, եթե մենք՝ ավետարանականներս, շեղվել ենք աստվածաշնչյան սկզբունքներից, դուք՝ որպես Քրիստոսի սերը ձեր մեջ կրողներ ու հավատքի նախանձավորներ, Սուրբ Գրքի հիման վրա ցու՛յց տվեք մեր մոլորությունը և մենք կապաշխարենք:
Ցավոք, այսօր կրկին իմ տան հեռուստացույցը կրոնական հողի վրա թշնամանք ու ատելություն սերմանեց ժողովրդիս մեջ: Լինելով ավետարանական և ամեն հասկացող-չհասկացողի կողմից պիտակվելով որպես «աղանդավոր» (այսինքն ճշմարտությունից շեղված, մոլորեցնող)՝ պարզապես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ, ո՞րն է այս ամենի նպատակը և ու՞մ ջրաղացին են ջուր լցնում ատելության քարոզիչները:
Թույլ տվեք տրամաբանել և հետևեք մտքերիս ու ուղղեք ինձ, երբ սխալվեմ, եթե սերիալային մշակույթը ի սպառ չի գողացել ձեզանից տրամաբանելու ունակությունը:
1. Հայաստանում աղանդներ իրոք որ կան: Կան նաև վտանգավորները, որոնց անվանում ենք քայքայիչ, քանի որ իրենց գործունեությամբ քայքայում են մեր` առանց այդ էլ բզկտված հասարակությունը: Սակայն, չգիտես, թե որ ալքիմիայի ազդեցության ներքո, այստեղ էլ թացը չորի հետ խառնելը դարձել է գործելաոճ:
2. Պարզաբանեմ ասածս: Առ այսօր Հայաստանում Ավետարանական հավատքի եկեղեցիների ոչ մի լուրջ ընդդիմախոս չի մեղադրել նրան սխալ քարոզության կամ աստվածաշնչյան ճշմարտություններից շեղվելու մեջ: Մեղադրանքների մեծ մասը կայանում է նրանում, որ մենք մտել ենք մեկ ուրիշի ազդեցության գոտի կամ որ մենք չենք համապատասխանում ընդունված չափանիշներին: Ընդ որում, կարևոր չէ այդ չափանիշների ծագումը և դրանց համապատասխանությունը աստվածաշնչյան սկզբունքներին:
3. Եվ այսպես, դասական օլիգարխիայի կանոններին հարազատ գործելաոճով արհեստականորեն ստեղծվում է (ԶԼՄ-ների և պետական ու կրթական «պրոպագանդայի» օգնությամբ) հասարակական կարծիք, որ առանց հոգևոր մենաշնորհի մենք ուղղակի կկործանվենք, օրենսդրությունը համապատասխանեցվում է ցանկալի արդյունք ստանալուն և մնում է միայն սկսել «նեոինկվիզիցիոն» դարաշրջանը:
. Խոսքս եմ ուզում ուղղել կամա թե ակամա կրոնական օլիգարխիայի ձգտող կառույցների շարքերում հայտնված քույրերիս ու եղբայրներիս, ովքեր սրտանց հավատում են Հիսուս Նազովրեցու ուսմունքին: Սիրելինե՛ր, եթե մենք՝ ավետարանականներս, շեղվել ենք աստվածաշնչյան սկզբունքներից, դուք՝ որպես Քրիստոսի սերը ձեր մեջ կրողներ ու հավատքի նախանձավորներ, Սուրբ Գրքի հիման վրա ցու՛յց տվեք մեր մոլորությունը և մենք կապաշխարենք: Իսկ եթե աղանդ եք անվանում մի Եկեղեցու, որի «մոլորությունը» ձեր նման չլինելն է, ապա զգուշացե՛ք: Դուք ջուր եք լցնում «եղբայրներին թշնամացնել փափագողի» ջրաղացին: Ի սեր Քրիստոսի, խաղ մի արեք ձեր հավիտենական ճակատագրի հետ: Իսկ մենք Սուրբ Հոգու զորությամբ այս թեթև քամուն էլ կդիմակայենք: Չէ՞ որ առջևում փոթորիկներն են…
Արման Մանուկյան

Комментариев нет:

Отправить комментарий