Страницы

пятница, 24 августа 2012 г.

Մամլո խոսնակ. «Կյանքի Խոսք» եկեղեցին ուշադիր է ազգային խնդիրներին

Ա.Լուսյան. Հայաստանը համայն հայության հայրենիքն է, իսկ բոլոր հայերս` անկախ մեր եկեղեցական պատկանելությունից, ունենք միևնույն ազգային ինքնությունը: Հայրենիքը և ազգը մեզ համար բարձր արժեքներ են:
CrossNews-ի զրուցակիցն է Հայաստանի «Կյանքի Խոսք» եկեղեցու մամլո քարտուղար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, կրոնագետ, միջազգայնագետ Արմեն Լուսյանը:
- Արմեն, հայտնի է, որ մեր երկրի համար չափազանց կարևոր և զգայուն խնդիր է սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը: Այս առումով կցանկանայի իմանալ` արդյոք «Կյանքի Խոսք» եկեղեցու հետևորդները ծառայու՞մ են Հայկական բանակում:
- Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր երկրի սահմանների պաշտպանության հարցը բացառիկ կարևորություն ունի մեր ժողովրդի խաղաղ գոյատևման և ապահով զարգացման համար: «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ոչ միայն չի առարկում զինվորական ծառայությանը, այլև գտնում է, որ Հայկական բանակը լուրջ երաշխիք է տարածաշրջանում խաղաղության պահպանման համար:
Հայրենիքի պաշտպանությունը միանգամայն համահունչ է նաև քրիստոնեական դավանաբանությանը և ունի լուրջ աստվածաշնչյան հիմքեր: Ուստի, մեր եկեղեցու հետևորդներին հորդորվում է կատարել իրենց պարտքը հայրենիքի, ժողովրդի, վերջիվերջո` իրենց ընտանիքի առջև:
Մենք խորին հարգանքով ենք վերաբերվում հայրենիքի պաշտպաններին, ովքեր զոհել կամ պատրաստ են զոհել իրենց կյանքը ազգակիցների համար: «Կյանքի Խոսք» եկեղեցու գոյության ողջ ընթացքում մենք մեծ նշանակություն ենք տվել մեր անկախ պետականության կայացմանն ու զորացմանը: Դա դրսևորվում է նաև զինվորական ծառայություն կատարելու միջոցով: Ես ինքս էլ մեծ պատրաստակամությամբ ծառայել եմ Հայոց բանակում` գիտակցելով իմ պարտքը երկրիս առջև:
- Ինչպե՞ս է «Կյանքի Խոսք» եկեղեցին վերաբերում ազգային խնդիրներին, մասնավորապես` ղարաբաղյան հիմնահարցին:
- «Կյանքի Խոսք» եկեղեցին, անկասկած, ուշադիր է ազգային խնդիրներին և ունի իր մոտեցումները հայությանը հուզող հիմնահարցերին: Հայաստանը համայն հայության հայրենիքն է, իսկ բոլոր հայերս` անկախ մեր եկեղեցական պատկանելությունից, ունենք միևնույն ազգային ինքնությունը: Հայրենիքը և ազգը մեզ համար բարձր արժեքներ են, հետևաբար, մենք չենք կարող անտարբեր գտնվել մեր հայրենիքի զորացման և ազգային խնդիրների կարգավորման նկատմամբ:
Կոնկրետ ղարաբաղյան խնդրի առումով մենք համոզված ենք, որ այս հակամարտության խաղաղ կարգավորումը չպետք է ունենա այլընտրանք, նկատի ունեմ ռազմական գործողությունները: Աստված խաղաղության Աստված է, և մենք էլ աղոթում ենք մեր երկրի սահմանների խաղաղության համար: Իհարկե, գուցե տեղին է հիշել նաև հայտնի ասույթը, որ եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: Այս առումով, կարծում եմ` մեր պատրաստությունը պետք է լինեն մեր մարտունակ բանակն ու մեր ժողովրդի ներքին համերաշխությունը:
Ահա թե ինչու, մենք կարևորում ենք նաև Հայաստանում կրոնական հանդուրժողականության և, առհասարակ, սիրո և փոխադարձ հարգանքի մթնոլորտի հաստատումը: Ղարաբաղյան ազատամարտի ժամանակ կողք-կողքի մարտնչում էին առաքելական, կաթոլիկ, բողոքական և անհավատ հայը, և ոչ մեկի մտքով չէր անցնում բաժանության սեպ խրել նրանց միջև: Ուստի այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վաղը այդ նույն համերաշխությունը տիրի հայրենիքը պաշտպանող զինվորների շրջանում:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի իրավական կողմին, ապա փաստ է, որ Արցախի հայությունն օգտվել է իր իրավունքից և ինքնորոշվել իր պատմական հայրենիքում, ինչի արդյունքում այսօր գոյություն ունի երկրորդ հայկական պետությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ Ղարաբաղի հայությունն ամուր հաստատված է իր հողին և լիովին ընդունակ է պաշտպանելու իր իրավունքները:
Ի դեպ, ասեմ, որ մեր եկեղեցի հաճախում են Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ, ազատամարտիկներ, ովքեր, հավատացնում եմ Ձեզ, շատ լավ են գիտակցում այս հարցի կարևորությունը:
- Խոսելով ազգային խնդիրների մասին` հասկանում ենք, որ հայությանը հուզող հիմնահարցերից է նաև Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը այս հարցում:
- Անշուշտ, Հայոց ցեղասպանությունը շատ ցավոտ հարց է բոլորիս համար, քանի որ դա մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկն է, վերքերն ու հիշողությունները դեռևս թարմ են: Սա այն հարցն է, որը շոշափում է յուրաքանչյուր հայի զգացումներն ու անցյալը` անկախ այն իրողությունից` մենք առաքելական ենք, կաթոլիկ, բողոքական, թե առհասարակ աթեիստ: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող. Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից և արժանանա համապատասխան հստակ գնահատականի:
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին «Կյանքի Խոսք» եկեղեցու հովվական կազմն ու երիտասարդները միանում են համահայկական երթին դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ եկեղեցու անունից ծաղկեպսակ ենք տեղադրում Մեծ եղեռնի հուշակոթողին: Այդպիսով մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում Ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին:
Պետք է ասեմ նաև, որ կարևորելով տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ներկայացնելու հանգամանքը` մենք պատրաստել ենք Մեծ եղեռնի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որի ցուցադրումները  կազմակերպել ենք  եվրոպական մի շարք երկրներում: Մեր համեստ ներդրումով ցանկանում ենք այսկերպ նպաստել Հայոց ցեղասպանության խնդիրը եվրոպացիներին լուսաբանելու գործին: Հուսանք` հեռու չէ այն ժամանակը, երբ ողջ Եվրոպան կհետևի Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների օրինակին: Ի դեպ, այս առումով չափազանց ուրախալի էր, որ անցած տարի այդպիսի բանաձև ընդունեց Շվեդիայի խորհրդարանը:
-Արմեն, շնորհակալություն, որ համաձայնեցիք պատասխանել մեր հարցերին:
- Ես նույնպես շնորհակալ եմ Ձեզ, և վերջում կուզենայի նշել, որ «Կյանքի Խոսք» եկեղեցին մշակել և հրապարակել է իր «Սոցիալական հայեցակարգի հիմունքները», որը հնարավորություն է տալիս ցանկացած մարդու ծանոթանալ ամենակարևոր հարցերի նկատմամբ մեր եկեղեցու պաշտոնական դիրքորոշմանը: Սա հավաստի և անաչառ աղբյուր է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքված են իմանալ մեր օբյեկտիվ մոտեցումները, այլ ոչ թե դրանց խեղաթյուրումները:
Զրուցեց Աննա Վարդանյանը

Комментариев нет:

Отправить комментарий